Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա գնաճը 2 դրամի սահմանո՞ւմ է

Դեկտեմբեր 21,2011 17:21

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ՏՄՊՊՀ-ի վրա ճնշումներ չի գործում: Այսօր տարին ամփոփող ասուլիսի ժամանակ այսպես վստահեցրեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով՝ «Հանձնաժողովի վրա ոչ մի տեսակի ճնշումներ ընդհանրապես չկան: Եթե իմ անկեղծ խոսքին հավատում եք, ապա՝ ոչ, ճնշումներ չկան»:

Լրագրողների այն հարցին էլ, թե հնարավո՞ր է ընկերական հարաբերություններն ազդեն որոշումների արդյունքների վրա, պարոն Շաբոյանը պատասխանեց. «Ընկերական հարաբերությունների վրա փորձում եմ ուշադրություն չդարձնել: Հիմնական մոտեցումն այն է, որ այնպիսի հարաբերություններ ունենանք, որ մեր որոշումներով երբեք չկաշկանդվենք»: Հարցին էլ, թե գուցե կա ներքին պայմանավորվածությո՞ւն, որ այս կամ այն տնտեսվարողին չպիտի կպնի հանձնաժողովը, նախագահը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, հավատացեք՝ ոչ»:

Ա. Շաբոյանը վստահեցրեց, որ այն տնտեսվարողների մոտ, որոնց հանձնաժողովը ստուգում է եւ մշտապես իրենց վերահսկողության տակ են՝ ամանորյա էական գնաճ չեն հայտնաբերել: Իսկ եղած գնաճն էլ, ըստ Շաբոյանի, 2 դրամի սահմանում է, ասենք՝ ձուն 60 դրամից դարձել է՝ 62:

«Աշտարակ կաթի» ներկայացուցիչների նախօրեին արած այն հայտարարությանն ի պատասխան, թե հանձնաժողովն անարդար որոշում է կայացրել՝ պարոն Շաբոյանը ցուցադրելով ընկերության կողմից տրամադրած փաստաթղթերը, նշեց, որ տնօրինության ստորագրությամբ եւ կնիքով հաստատված է տվյալ ապրանքների բաղադրությունը, որտեղ առկա է նաեւ կոկոսի յուղը:

Համեմատելով հանձնաժողովի այս տարվա աշխատանքները նախորդ տարիների հետ, Ա. Շաբոյանը հայտնեց, որ պատասխանատվության միջոցների առումով 2 անգամ շատ որոշումներ են կայացրել:

Հանձնաժողովի նշանակած տուգանքների չափն էլ այս տարի մոտ 380 մլն դրամ է եղել, իսկ պետբյուջե՝ դատական կարգով, բռնագանձվել է 177 մլն դրամ:

Ա. Շաբոյանի խոսքերով՝ արդյունավետ աշխատանքի հիմնական պատճառն օրենսդրական փոփոխությունն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031