Այսօր «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշխարհ» մասնագիտացված ամենամսյա պարբերականի շնորհանդեսը:
Կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզաննա Բագրատունյանը կարեւորեց ԶԼՄ-ների հետ համագործակցությունը: «Առանց լրագրողական աշխարհի մեր գործը թերի կլիներ»,-ասաց նա:
Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ ամփոփելով տարին, ասաց, որ այն ավարտում են լավ արդյունքներով. «Արդեն ունենք մշտական տաղավար Կաննում, Ռուսաստանում մասնակցում ենք կինոշուկաների, ինչը լավագույն հնարավորություն է ստեղծում, որ մեր կինոգործիչները կարողանան շփվել տարբեր ֆոնդերի ու շրջանակների հետ: Շուրջ տասը գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել, 90 %-ը համատեղ»:
Գ. Գեւորգյանն ասում է, որ իբրեւ կինոարտադրող երկիր կայացել ենք, ինչի արդյունքում ամեն տարի տասնյակ փառատոներից մասնակցության հրավերներ են ստացվում, որոշներից վերադառնում են մրցանակներով: «Շատերն ասում են «Օսկար» չունեք, Կաննի փառատոնի մրցանակ չունեք, ոչինչ, ժամանակի ընթացքում կփորձենք դրանց էլ հասնել: Մյուս տարի 7-8 ֆիլմ կավարտվի, որոնք կփորձենք ներկայացնել աշխարհի տարբեր ֆորումներում»,- հավաստիացնում է կինոկենտրոնի տնօրենը:
Կարդացեք նաև
«Կինոաշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Հարությունյանն էլ խոսելով պարբերականի մասին՝ ասաց, որ այն իր առջեւ խնդիր է դրել համապարփակ տեղեկատվություն մատուցել թե հայկական, թե արտերկրի կինոյի անցյալի եւ ներկայում տեղի ունեցող գործընթացների մասին, լիարժեք պատկերացում տալ արդի կինոյի հիմնախնդիրների, ավանդույթների, առկա խոչընդոտների եւ համաշխարհային կինոյում հայկական կինոյի տեղի ու դերի հեռանկարների մասին: Ա. Հարությունյանը նշեց, որ կինոամսագրում գնահատանքի կարժանանա նաեւ 60-ականների այն սերունդը, որը կաշկանդված էր Խորհրդային ժամանակներում ու երազում էր ստեղծագործել Անկախության տարիներին. «Ցավոք, անկախ Հայաստանում էլ կինո չնկարելու անգործության արդյունքում նրանց մի մասն ուղղակի մահացավ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ