Տավուշի մարզում շարունակվում են հանրակրթական դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթները: Տեղեկացրել ենք, որ այդ մրցույթներում սովորաբար հաղթում է գործող տնօրենը, հիմնականում մրցույթներն անցնում են առանց մրցակցության, մեկ թեկնածուով («Առավոտ», 19 դեկտեմբերի 2011՝ « Դպրոցները հանրապետականացվում են»):
Այս ընդհանուր պատկերից տարբերվում էր Տավուշի Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցը, որտեղ տնօրենի պաշտոնին հավակնում էր 4 թեկնածու` գործող տնօրեն՝ կենսաբանության երկարամյա ուսուցչուհի Ալվարդ Բայրամյանը, պատմության ուսուցիչ, դպրոցի նախկին տնօրեն Սամվել Ալավերդյանը, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը,, ֆիզկուլտուրայի եւ ռազմագիտության ուսուցիչ Ալիկ Եդիգարյանը: Նրանք բոլորն էլ վերապատրաստման դասընթացի էին մասնակցել եւ ստացել դպրոցը կառավարելու իրավունք տվող հավաստագիր:
Մրցույթին ներկա էր Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Ընդունված կարգով տնօրենի պաշտոնի բոլոր հավակնորդները ներկայացրին առաջիկա 5 տարիներին դպրոցի զարգացման ծրագիրը, բոլորն էլ խոսեցին 135 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցում առկա խնդիրներից՝ համակարգիչների եւ մարզագույքի սակավություն, սեղան-նստարանների խիստ մաշվածություն, առարկայական կաբինետների բացակայություն, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումների պակաս:
Կարդացեք նաև
Ապա կայացավ փակ, գաղտնի քվեարկություն: Գործող տնօրեն Ալվարդ Բայրամյանին կողմ քվեարկեցին դպրոցի կառավարման խորհրդի բոլոր` 8 անդամները:
Մրցույթի ավարտից հետո դպրոցի նախկին տնօրեն Սամվել Ալավերդյանը վրդովված տոնով շնորհավորեց Բաղանիսի գյուղապետ, ՀՀԿ Բաղանիսի տարածքային կառույցի ղեկավար Ստեփան Սահակյանին, համարելով, որ մրցույթի նման արդյունքը նրա «ձեռքի գործն է»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ