Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Երբեւէ հույս չենք ունեցել, որ ԲՀԿ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ»

Դեկտեմբեր 21,2011 16:51

 ՀԱԿ-ի հանրաքավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի մասին քաղաքագիտական վերլուծությունից հետո բուռն քննարկվում էր ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հարցը, իսկ երբ ԲՀԿ-ն առանձնապես չարձագանքեց դրան` հիմա ավելի շատ քննարկվում է ԲՀԿ-ՀՀԿ միասնական ցուցակի տարբերակը: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ զրույցում նրանից հետաքրքրվեց, թե դեռ հույսեր ունե՞ն, որ ԲՀԿ-ն կարող է համագործակցել ՀԱԿ-ի հետ. «Մենք երբեւէ հույս չենք ունեցել, որ դեռ ունենանք: Մեր որեւէ գնահատականը չի փոխվել, մեզ համար ակնհայտ է, որ կա խորը ներքին իշխանական ճգնաժամ, կա խորը հակասություն եւ այդ հակասությունը լուծված չէ: Ինչպես էլ դա լուծվի` պարզություն է բերելու: Եթե գնան միասնական ցուցակով` նշանակում է, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց հնազանդեցնել Ծառուկյանին, եւ դա կբերի նրան, որ իշխանությունը կզրկվի ընդդիմադիր ընտրազանգվածը մանիպուլյացիաների ենթարկելու հնարավորությունից: Իսկ մյուս տարբերակի դեպքում ներիշխանական ճգնաժամը խորանալու է, որը նույնպես հեռանկարներ է բացումռեժիմի ռեսուրսները պառակտվում են, սկսում են աշխատել իրար դեմ, համախմբված թիմն արդեն ընդհանուր առմամբ գոյություն չի ունենա, եթե ճգնաժամ կա, դրա ցանկացած լուծումը դրական է»:

Մեր հարցին` Ծառուկյանին հնազանդեցնել որ ասում եք` նրա համա՞ր եք ասում, որ նա թասիբի ընկնի` պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Հիմա ո՞ր բառն ասեմ, որ թասիբի չընկնի, օգտագործեմ ավելի չեզոք տերմին, եթե էդքան ուզում եք Ծառուկյանի թասիբին կանգնեք` գուցե իր վերահսկողության տակ վերցնի»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ ՀԱԿ-ՀՀԿ երկխոսության մասին ասել է, որ  ըստ էության երկխոսություն չի եղել` «Էրեբունի» հյուրանոցի անկյուններում գյալաջի են արել: Մենք պարոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք` իսկապե՞ս գյալաջի են արել. «Այս գյալաջի խոսքը ես մտցրեցի դեբատի մեջ, ես ասել էի` երկխոսությունը գյալաջիի չենք վերածելու, ուղղակի զրույց, կարծիքների փոխանակում մեզ չի հետաքրքրում, մեզ երկխոսությունը հետաքրքրում էր` որպես գործիք` զիջումներ կորզելու համար, որպես բանակցային անցում` դեպի ժողովրդավարություն, իշխանությունները փորձեցին վերածել դա գյալաջիի, դրա համար չկայացավ այդ երկխոսությունը»:

Մենք պարոն Զուրաբյանից խնդրեցինք մասնավորեցնել, թե ՀԱԿ-ը լքողներին հոգնածներ ու հիասթափվածներ կոչելով` կոնկրետ ո՞ւմ է համարում հոգնած, ում` հիասթափված. «Ես շատ հստակ ասացի, որ անձնական գնահատականներ չեմ տալու, պետք չի ասել` ով, ինչպես, իրենց պիտի հարցնեք` ինչից են հոգնել, ինչ գայթակղություններ են առաջացել իրենց կյանքում: Եթե որոշ մարդիկ հիասթափվում են, հոգնում են, փնթփնթում են` իրենցից ճշտեք` ինչու է այդպես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031