Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. Մարտի 1-ից հետո մարտի 2 չեղավ (տեսագրություն)

Դեկտեմբեր 21,2011 16:48

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը հանդիպեց լրագրողների հետ: Ամփոփելով 2011 թվականը, բանախոսն ասաց, որ համաշխարհային քաղաքական եղանակի տաքացումը (արաբական գարուն, մոսկովյան ձմեռ, ղազախական ձմեռ եւ այլն) եւ ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, սակայն առայժմ պաշտոնական տեղեկատվությունը եւ մամուլը լրջորեն այդ տագնապը չեն հնչեցնում: Այնուհետեւ թվարկելով ընտրությունների վերաբերյալ առկա դիրքորոշումները՝ Գարեգին Չուգասզյանն անդրադարձավ «Սարդարապատ շարժման» դիրքորոշմանը, որի առանցքում հետեւյալն է. «Ամենակարեւոր իրական ձեռքբերումը, որը վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանում կա՝ քաղաքացիական դիմադրության առաջացումն է եւ առաջին փոքրիկ հաղթանակների արձանագրումը: Այդ սոցիալական կապիտալը պետք է դրվի մի բանկում: Այն այս ընտրությունների շրջանում պետք է արժեզրկում չունենա, այլ ընդհակառակը՝ աճեցվի»: Իբրեւ լծակ, բանախոսն առաջարկում է այլընտրանքային խորհրդարանի գաղափարը:

Նա այսօր Հայաստանի քաղաքական դաշտի մասին խոսելը մեծ չափազանցություն է համարում, որովհետեւ Չուգասզյանի ձեւակերպմամբ, «Իրականում տեղի է ունեցել քաղաքական, ռեալ ընդդիմադիր դաշտի փոշիացում: Մենք հերթական անգամ ականատեսն ենք քաղաքական դաշտի բացակայության եւ այդ վակուումը լցնելու խնդիր կա…Մյուս կողմից այդ վակուումը չի կարող լցնել որեւէ առանձին քաղաքական ուժ կամ կուսակցություն: Դա պետք է լինի շատ ավելի լայն հիմքի վրա ստեղծված միություն, դրա հենքը մեր ժողովրդի աճող դիմադրության միտումն է»: Բանախոսի ասելով. նոր ընտրությունների լրջության մասին այսօր խոսելը անպատասխանատվություն է, եթե ոչ հանցավորություն. «Մարտի 1-ից հետո մարտի 2 չեղավ, ոչ ոք չդատապարտվեց…Արդյոք դրանից հետո այն ուժերը, որոնք ժողովրդին առաջնորդելու են ընտրություններ՝ կարո՞ղ են պատասխան տալ հետագա ընթացքների համար»:

Գ. Չուքասզյանը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել աշխարհում ընթացող ռեալ քաղաքական մարտահրավերներին. «Եռանախագահության քաղաքական պինգպոնգը ես քաղաքական պրոցես չեմ համարում: Ավելի շուրջ քաղաքական դաշտ ստեղծելու խնդիր է դրված: Այն փոսից, որտեղ հայտնվել է Հայաստանը, մեր երկիրը կարող է դուրս գալ ոչ թե այս կամ այն կուսակցության ջանքերով, այլ նոր համաժողովրդական շարժման ստեղծումով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031