Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում վստահեցնում էր, թե ցանկացած ընտրություն պետք է վերածվի արտահերթ նախագահական ընտրության, որ լեգիտիմ իշխանության ձեւավորման համար պետք է խորհրդարանական ընտրությունները վերածեն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի, եւ ԱԺ-ում են ընտրվելու այն մարդիկ, ովքեր զբաղվելու են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցով:
Հարցին` եթե ՀԱԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն չկազմի, ձեր մանդատները վա՞յր եք դնելու, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Չե՞ք կարծում, որ ձեր հարցը մի քիչ ժամանակավրեպ է, նույնն է, թե ասեք 2018-ին եթե ձայն չհավաքեք` ինչ եք անելու»: Իսկ լրագրողների այն դիտարկմանը, որ 3 տարի է` ասում եք Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, ուրեմն ժամանակավրեպ չէ` Զուրաբյանը հակադարձեց. «Ստալինն էլ 4 տարի ասում էր, որ կհաղթի Հայրենական պատերազմում` վերջը հաղթեց: Սա էլ է պատերազմ, սա լրջագույն ճակատամարտ է: 2012-ը լինելու է ճակատագրական տարի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ