Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ-ի շարքերը լքողներին «հոգնածներ» եւ «հիասթափվածներ» կոչեց` վստահեցնելով, որ ՀԱԿ-ն ավելի թարմացվում է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե կոնկրետ ովքե՞ր են հոգնածները` Ալիկ Արզումանյա՞նը, Արարատ Զուրաբյա՞նը, սակայն պարոն Զուրաբյանը չանձնավորեց. «ՀԱԿ–ի շարժման միակ եւ գլխավոր թիրախը Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանություններն են, եւ մենք մեր ողջ գործունեությունն ուղղում ենք այդ աշխատանքին, մենք չենք շեղվելու այդ թիրախից, քաղաքական գնահատական չենք տվել դրան: Նրանք, ովքեր պատրաստ են պայքարել, կռվել, թող գան պայքարեն: Ոչ մի հավերժ բան քաղաքականության մեջ չի լինում, մարդիկ հոգնում են, վհատվում են, հուսալքվում են»:
Իսկ թե ովքե՞ր եւ քանի՞ հոգի է ավելացել ՀԱԿ-ին` պարոն Զուրաբյանը նշեց. «Մի ամբողջ կուսակցություն է միացել` «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը, շատ մարդիկ են` Զոյա Թադեւոսյանը, Մովսես Արիստակեսյանը»: Դիտարկմանը, որ նրանք միշտ էլ հոգով ձեզ հետ էին` բանախոսը պատասխանեց. «Եկեք հոգու մասին եզրակացություններ չանենք, ամեն մեկի հոգին շատ խորն է: Կոնկրետ փաստերը սրանք են` եղել է լուրջ ներհոսք` դեպի շարժում, բազմաթիվ երիտասարդներ են, լրիվ նոր մարդիկ գալիս ու լցվում են մեր շարժում: Իսկ ես 8 մարդ գիտեմ, որ ՀԱԿ–ից դուրս է եկել: Եթե դուք ուզում եք կոնկրետ անձնական գնահատականներ, ես էդ հաճույքը ձեզ չեմ տա: Կներեք, ես ոչ հոգեբան եմ, ոչ փսիխոանալիտիկ` ուրիշների հոգեբանական տվայտանքները մեկնաբանելու համար, ես նման վերլուծություններով չեմ զբաղվում»:
Սուրեն Սիրունյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ՀԱԿ-ը մեկուսացնում է «վանոյական» ՀՀՇ-ականներին: Այս առնչությամբ պարոն Զուրաբյանը հեգնեց. «Ամեն մի ճամբար իր պրոբլեմներն ունի, իշխանական ճամբարը ազատվում է իր մուկից, մենք ազատվում ենք ճուտից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև