Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ԱԺ-ում հաստատ ներկայացված կլինի եւ մեծ թվով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2011 16:14

Մեկնաբանելով հաճախ հնչող կարծիքը, թե հասարակությունը հավասարապես հիասթափվել է խորհրդարանական ու նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունից՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Շատ կցանկանայի չհամաձայնել այդ կարծիքի հետ, բայց իրականությունն այն է, որ ժողովուրդն իսկապես որոշակի հիասթափություն եւ ապատիա ունի քաղաքական գործընթացների նկատմամբ, որը վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին՝ անկախ նրանց իշխանական կամ ընդդիմադիր լինելու հանգամանքից: Իհարկե, «Ժառանգությունն» ինքնաքննադատաբար է մոտենում իր գործունեությանն ու, ըստ իս, կուսակցության մեղքը դրանում կա: Մեղքի մի բաժինը ստանձնելով հանդերձ պետք է ասեմ, որ քաղաքական այլ ուժերի՝ հատկապես ընդդիմության մեղքն այդ հարցում շատ մեծ է»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե՝ առաջիկա ընտրությունների համատեքստում, «Ժառանգությունը» հնարավոր համարո՞ւմ է մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությունը՝ նկատի ունենալով քաղաքական այս երկու ուժերի միջեւ դեռեւս առկա, մեղմ ասած, ոչ բարիդրացիական փոխհարաբերություններն ու խայթոցները, պատգամավորն ասաց, թե համաձայն չէ «փոխադարձ խայթոցներ» ձեւակերպման հետ, որովհետեւ «նախ՝ «Ժառանգությունը» չունի որեւէ լրատվամիջոց, եւ բացի այդ՝ երբեք որեւէ տեղ չեք տեսնի, որ «Ժառանգությունը» որեւէ մեկի հանդեպ նախահարձակ կամ վիրավորած լինի: Առավելագույնը, որ «Ժառանգությունն» անում է՝ իր նկատմամբ վիրավորանքներին ու սուտ տեղեկություններին ընդամենը պատասխանելն է: Բայց Հայաստանն այն վիճակում չէ, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ մերժել մեր պայքարը թեկուզ մեկ քայլով առաջ մղելուն միտված համատեղ աշխատանքի հնարավորությունը: Կարծում եմ, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե մեզ հետ համագործակցող ուժն ի՞նչ նպատակներ է հետապնդում: Որեւէ մեկը չի կարող ասել, որ «Ժառանգությունը» երբեւէ հրաժարվել է կամ խանգարում է ընդդիմությանն աջակցելուց: «Ժառանգությունը» հավատարիմ է իր այդ սկզբունքին»:

Ամենատարբեր վերլուծաբան-փորձագետ-սոցիոլոգները քիչ հավանական են համարում «Ժառանգության» հայտնվելն ապագա խորհրդարանում:

«Ես այդ հայտարարություններին շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ այդ նույն փորձագետներն ու քաղաքական գործիչները դա ասում էին նաեւ 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ, բայց մենք նույնիսկ այդ սարսափելիորեն կեղծված ընտրությունների արդյունքում միակ ընդդիմադիր ուժն էր, որ մտավ խորհրդարան, ու դա այն դեպքում, երբ մենք ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ էլ չունեինք: Առավել եւս հիմա չեմ կարծում, որ արդեն մեր ծավալած գործունեությունից հետո, այդպիսի կանխատեսումներն արդարանան: Ավելին, ընդամենը երեկ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, որոնց համաձայն «Ժառանգությանն» արդեն 6,5 տոկոս են «տալիս»: Իհարկե, դա էլ վատ չի, բայց ես պատկերացնում եմ, թե իրականության մեջ որքան վարկանիշ է եղել, որ այդ 6,5-ը ֆիքսվել է: Կարծում եմ, «Ժառանգությունը» ոչ միայն խորհրդարանում ներկայացված է լինելու, այլեւ ներկայացված է լինելու բավականին մեծ թվով: Քիչ մնաց, կտեսնենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031