Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ լեհերի՝ զբոսաշրջիկները նախընտրում են հայկական գյուղերը

Դեկտեմբեր 21,2011 16:04

«Միլիենիում» կրթական-հետազոտական ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Լեհաստանի կառավարության «Լեհական օգնություն» ծրագրի ֆինանսավորմամբ, «Միլիենիումը» «Տուրիզմը որպես մարզերի զարգացման հնարավորություն» ծրագրով ուսումնասիրել է Հայաստանի Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հնարավորությունները, զբոսաշրջությամբ զբաղվող տեղացի փոքր ու միջին գործարարներին օգնել ընդլայնելու իրենց շուկաները: Խոսքը մասսայական տուրիզմի մասին չէ, այլ անհատական, B&B (անկողին եւ նախաճաշ), գյուղական (ագրո), արկածային տուրիզմ, երբ զբոսաշրջային ռեսուրս է ինքը համայնքը:

Ըստ «Միլիենիումի» նախագահ Դինա Մանուկյանի, սա Հայաստանի մարզերի զարգացմանն ուղղված հերթական ծրագիրն է, արժեքը՝ մոտ 37 հազար եվրո, որով զբոսաշրջությամբ զբաղվող վայոցձորցի եւ գեղարքունիքցի գործարարները վերապատրաստվել են Լեհաստանում, հետո այստեղ են դասընթացներ կազմակերպվել, հետո 8 հոգի 2000-ական եվրո դրամաշնորհ է ստացել, որով ենթակառուցվածքներ են զարգացրել՝ ցուցանակներ տեղադրել, սանհանգույցներ նորոգել, հրատարակել ուղեցույցներ: Ուշագրավ է, որ այս դրամաշնորհները ստանալու համար Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղը ողջ գյուղով միասնական մեկ հայտ է ներկայացրել ու շահել:

Լեհաստանի ներկայացուցիչներն ասացին, որ գյուղական զբոսաշրջությունը Լեհաստանում հիմա բում է ապրում, շատ զարգացել է հատկապես սոցճամբարի փլուզումից հետո: Այսօր Լեհաստանի գյուղերում տարեկան հանգստանում է մինչեւ 1,5 միլիոն զբոսաշրջիկ: Լեհերը նկատել են, որ վերջերս Հարավային Կովկասը սկսել է հետաքրքրել եվրոպացի զբոսաշրջիկին ու շատերը գալիս են միանգամից երեք կամ երկու հանրապետություններ: Սա նկատի ունենալով էլ՝ «Միլիենիում» կրթական-հետազոտական ասոցիացիան առաջարկում է Վրաստանից Հայաստան եկողներին Դիլիջան-Երեւան-Վայոց ձոր երթուղու փոխարեն Դիլիջան-Ճամբարակ-Մարտունի-Վայոց ձոր երթուղին ընտրել, ուր տեսնելու ու վայելելու շատ բան կա:

Գեղարքունիքը միայն Սեւանա լիճն ու նրա ափերը չեն, հանիրավի անտեսված վայրեր կան, օրինակ՝ Մարտունին, Վայոց ձորն էլ միայն Ջերմուկն ու Նորավանքը չի, վստահ են ծրագրի հեղինակները:

Լեհերն ասացին, որ հիմա զբոսաշրջիկը նախընտրում է ոչ թե հանգստանալ Ջերմուկում եւ Ծաղկաձորում, այլ ապրել հայկական գյուղերում, շփվել մեր կենցաղի ու առօրյայի հետ: Եվրոպացի զբոսաշրջիկին էլ պակասում էին նման ուղեցույցներ:

«Միլիենիում» կրթական-հետազոտական ասոցիացիան մտադիր է զբոսաշրջային ուղեցույցները ՀՀ դեսպանատների միջոցով հասցնել օտարերկրյա զբոսաշրջիկներին:


Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031