Եթե ֆուտբոլի պատմության սկզբում այս խաղով հետաքրքրված էին միայն տղամարդիկ, և այն համարվում էր արական սպորտաձև, ապա այժմ ֆուտբոլն այլեւս տղամարդկանց մենաշնորհը չէ: Կանայք ոչ միայն կարող են գեղեցիկ լինել, այլ նաեւ կարող են գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Այսօր աշխարհում կանանց ֆուտբոլը մեծ մասսայականություն է վայելում, իսկ Հայստանում այն դեռ նոր է թափ հավաքում: Մեր երկրում կանայք ֆուտբոլ խաղացել են դեռ սովետական տարիներին: Անկախությունից հետո Հայաստանում կանանց ֆուտբոլը դժվարությամբ է ոտքի կանգում, հիմնական խնդիրներից մեկն էլ ազգային մտածելակերպն է. «Հայաստանում աղջիկների ֆուտբոլի զարգացմանը մի քանի բան է խոչընդոտում, դրանցից մեկն էլ ընտանիքում ծնողների հետ խնդիրներն են: Ես աղջիկների գիտեմ, որ ցանկանում են գալ ֆուտբոլի, բայց իրենց չեն թողնում»,- ասում է Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի աջ կիսապաշտպան Քրիստինան:
Քրիստինային ֆուտբոլային շրջապատում ճանաչում են Ֆաբիո մականունով: Նա 13 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով: Սկզբում ծնողները դեմ էին, բայց հետո հենց նրանց նախաձեռնությամբ աղջիկը սկսեց հաճախել ֆուտբոլի. «9 տարեկանից մեծ թենիս եմ խաղացել, բայց միշտ երազել եմ ֆուտբոլ պարապել, բայց մաման ու պապան չէին թողնում: Մի օր էլ մաման ինձ թենիսի պարապմունքից հետո տարավ «Փյունիկի» աղջիկների թիմ, ասեց` կուզե՞ս՝ ստեղ խաղաս: Ծանոթացա մարզիչի հետ ու հենց առաջի օրվանից էլ սկսեցի պարապել»:
18- ամյա ֆուտբոլիստուհին նպատակ ունի շատ փող աշխատել և ունենալ աղջիկների սեփական թիմ: Ու, չնայած, դեռ չի մտածում ամուսնության մասին, բայց եթե ընտրության առաջ կանգնի՝ ընտանի՞ք, թե՞ ֆուտբոլ՝ կընտրի երկրորդը. «Ինձ համար առաջնահերթը ֆուտբոլն է: Ես նպատակ ունեմ գնալ Ռուսաստան, խաղալ այնտեղ, դե պարզ է փող աշխատեմ և եթե ամեն ինչ լավ լինի, վերադառնամ այստեղ, աղջիկների թիմ բացեմ»:
«Ֆուտբոլը ոտքերը չի ծռում»
Քրիստինան այժմ սովորում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում՝ մարզավարական բաժնում: Նրա համակուրսեցին՝ միջազգային կարգի մրցավար Քնարիկը, ֆուտբոլով զբաղվել է դեռ 16 տարեկանում: 1997-ից՝ նաև մրցավարությամբ: Սակայն 2004-ին ՖԻՖԱ-ն Քնարիկին բարդ ընտրության առջև կանգնեցրեց՝ կա՜մ խաղալ ֆուտբոլ, կա՜մ դատել այն. «Շատ ծանր տարա, երբ ինձ ընտրության առաջ կանգնեցրին: Այդ ժամանակ դեռ մի տարի էր, որր ձեւավորվել էր Ազգային հավաքականը, ու ես էլ այդտեղ խաղում էի: Սկզբում մտածում էի մնալ թիմում ու այդպես ինչ որ բանի հասնել, բայց հետո հասկացա, որ մրցավարությամբ ավելի շատ առաջ կգնամ ու ընտրեցի մրցավարությունը»:
Նախկին կոնդեցի Քնարիկի սիրած մանկական խաղը եղել է ֆուտբոլը, իսկ ֆուտբոլում նրան ամենից շատ գրավել է գոլի զգացողությունը. «Ինձ ֆուտբոլում, առաջին հերթին, դուր է գալիս գոլի զգացողությունը: Եթե, անգամ, դու խոշոր հաշվով պարտվում ես, բայց մի հատ գոլ էս խփում, այդ զգացողությանը ոչինչ չի հասնի»:
Քնարիկը համաձայն չէ այն մտքին, որ ֆուտբոլը վնասում է աղջիկների ոտքերը և դրանք ծռվում են. «Նման բան գոյություն չունի: Եթե այդ աղջկա ոտքերը բնականից ծուռ են, ապա պարապելուց հետո ուղղակի ավելի կընդգծվի»,- ասում է Քնարիկը և հավելում,-ֆուտբոլը կանանց, աղջիկների մոտ զարգացնում է բնավորություն, պայքար: Դու արդեն գիտես կյանքում ի՞նչ ես ուզում, ստից բաներից չես ընկճվում, մարտական բնավորություն է ձեւավորում»:
Աղջիկների ֆուտբոլին պրոպագանդան է պակասում
Վաղարշակ Ասլանյան արդեն երրորդ ամիսն է՝ Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է: Մինչ այս՝ աշխատել է միայն տղաների հետ, սակայն աղջիկների մեջ էլ է մեծ պոտենցիալ տեսնում. «Մեր աղջիկների աշխատասիրության մասին խոսք չկա ասելու. ինչ ասում ես, անում են, նվիրված են: Կան աղջիկներ, որ իսկապես ֆուտբոլային են»:
Վաստակավոր մարզիչը գտնում է, որ աղջիկների ֆուտբոլում լավ արդյունքի հասնելու համար պետք է զբաղվել դեռ 8-9 տարեկանից, քանի որ, ըստ մարզչի, փոքր տարիքում ավելի հեշտ է ճիշտ տեխնիկա սովորեցնել. «Աղջիկները պետք է փոքր հասակից մարզվեն, բայց մեզ մոտ 14 տարեկանից են սկսում: Փոքր հասակից եթե սկսեն, մենք կարող ենք ճիշտ տեխնիկա սովորեցնել, ավելի մեծ հասակում ավելի դժվար է այդ ամենը»:
Այսօր Հայաստանի ողջ տարածքում միայն Շիրակը, Վայոց Ձորն ու Կոտայքն ունեն աղջիկների թիմ: Պրն. Ասլանյանն ասում է, որ Հայաստանում կանանց ֆուտբոլի առաջնային խնդիրը մասսայական դարձնելն է. «Ամենաառաջինը, պետք է պրոպագանդվի, պետք է երեխաներին, ծնողներին հասկացնել, որ բացի առողջությունից և լավ ֆուտբոլ խաղալուց, ոչինչ չի լինի: Մեր ազգային հավաքականում կան շատ գեղեցիկ աղջիկներ, շատ խելոք, որոնք տարբեր բուհերում են սովորում և միևնույն ժամանակ նաև ֆուտբոլ են խաղում»:
Ինչպես տղամարդկանց ֆուտբոլում, կանանցում եւս բոլոր կանոններն ու պայմանները նույն են, սակայն, ըստ մասնագետների՝ կանայք ավելի արագ են մտածում, կողմնորոշվում և անգամ խաբկերի մեջ կանայք ավելի վարպետ են: Այս ամենն, իհարկե, վիճելի է: Սակայն կա մի բան, որն անվիճելի է: Ֆուտբոլն էլ ավելի գեղեցիկ է, երբ խաղադաշտում կանայք են: