Խորովածի ու քաբաբի գովազդներն այսուհետեւ կտեղադրվեն հատուկ ժամկետներով ու հատուկ վայրերում: Այսօր տրանսպորտի եւ կապի նախարարությունում տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց նախարար Մանուկ Վարդանյանը՝ նշելով, որ ընդհանուր օգտագործման ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների համար կստեղծվի էլեկտրոնային հաշվառման համակարգ եւ կտրամադրվեն ժամկետային թույլտվություններ՝ նախապես առանձնացված վայրերի համար:
Նախարարի խոսքերով, այս տարի տրանսպորտի ոլորտում արձանագրվել է 4900 վարչական իրավախախտում՝ նախորդ տարվա 3900-ի համեմատ: Երեւանում տրանսպորտային ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով, վերացվել են ապօրինի կուտակման կետերը, տրանսպորտային միջոցների մեկնման վայրերը տեղափոխելով ավտոկայաններ:
Նախարարի տեղեկացմամբ, բարեփոխումներ են արվել տրանսպորտային միջոցների համար պարտադիր տեխզննման անցկացման գործընթացում: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրով Գեղարքունիքում վերականգնվել են մոտ 33 կմ ճանապարհներ:
Դրական աճ են արձանագրել նաեւ երկաթուղու բնագավառում: Այստեղ բեռնափոխադրումներն աճել են մոտ 6, արտահանվող բեռների ծավալը՝ մոտ 30 եւ ներհանրապետական փոխադրումները՝ 12,2 %:
Նախարարն անդրադարձավ նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող նոր ճանապարհի կառուցմանը եւ ասաց,որ այն լինելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ