Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վկա զինվորը կարող է զորացրվել, բայց չի՞ զորացրվում

Դեկտեմբեր 21,2011 15:13

ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը, որը տեղի է ունենում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում, այսօր սկսվեց դատավոր Սամվել Մարդանյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելով:

 Հիշեցնենք,  որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն էր ներկայացրել այդ միջնորդությունը, որը պաշտպանել էին այս գործով ամբաստանյալներ Վահագն Հայրապետյանի, Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ մեղադրյալ Հարութիկ Կիրակոսյանի պաշտպանները:

Շարունակվեց Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող զորամասի խոհարար Արման Մնացականյանի հարցաքննությունը: Այս վկան պետք է զորացրվեր դեկտեմբերի 4-ին, սակայն, չգիտես ինչու, գտնվում է ռազմական ոստիկանությունում: Հանգուցյալ սպա Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը երբ դատարանին ակնարկեց այս մասին, դատավորը հայտնեց, թե ստացվել է պաշտոնական գրություն , որով հայտնվել էր.«Լրացել է նրա ծառայության ժամկետը եւ նա կարող է զորացրվել»: Թե երբ կարող է, թե ինչ կա չզորացրվելու հիմքում, մնաց անհասկանալի:

Դատավորը մինչ ցուցմունք տալը վկային հորդորեց. «Հանեք բուշլատը,եթե խանգարում է»: Վկան բուշլատի փոխարեն գլխարկը  հանեց:

Հրանտ Գեւորգյանի հարցերի գրեթե կեսին զորամասի խոհարարը՝ վկան պատասխանեց. «Չեմ հիշում»: Չէր հիշում, թե Արտակ Նազարյանի եւ Հակոբ Մանուկյանի վեճի ժամանակ որտեղ էր ինքը. ճաշարանո՞ւմ, գետնատնակի մո՞տ: Չհիշեց, թե մասնավորապես, 26.07.201թ, երբ ծխարանում էին երեք սպաները՝ Արտակ Նազարյանը, Հակոբ Մանուկյանը եւ Հայրապետյանը, եղանակը ո՞նց էր, տարածքը մո՞ւթ էր, թե՞ …

Մի դեպքում վկան հայտնեց, որ «բաժակ-մաժակ» է լվացել եւ գտնվել է ճաշարանում: Պաշտպանի հարցերից մեկի ժամանակ էլ պատասխանեց, թե եղել է գետնատնակի մոտ եւ տեսել է, թե ինչպես է Նազարյանի երեսին 1 անգամ հարվածել Մանուկյանը: Այս վկան հայտնեց, որ ջրի ձայնը չի խանգարել լսել, բայց չէր լսել, թե ինչ էին իրար հետ խոսում երեք սպաները: Ասաց՝ մութ էր, բայց տեսել էր… Նազարյանի եւ Մանուկյանի վեճը:

Պաշտպանն ասաց, որ վկայի ցուցմունքում բազմաթիվ մեջբերումներ հայհոյանքներով են, ինչը, բարեբախտաբար, չհրապարակվեց: Հարցին, թե սպա-զինվոր փոխհարաբերությունների ժամանակ «օգտվո՞ւմ» են հայհոյանքներից, հետեւեց դրական պատասխանը:

Այս վկան չէր լսել, որ Նազարյանն իր ենթակաների հետ վիճաբանի, բայց չհիշեց, թե Նազարյանի եւ կապիտան Հակոբ Մանուկյանի հարաբերություններն ինչպիսին էին:

Հարցին, թե 19.07.-26.07.2010թ.ականատես եղե՞լ է Նազարյանի եւ Մանուկյանի վեճին, հետեւեց «չեմ հիշում» ինքնափրկիչ պատասխանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031