«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում ամփոփելով անցնող քաղաքական տարին՝ նշեց, թե այն կորսված տարի է: Այդ համատեքստում նա մասնավորապես շեշտեց ԱԺ մեծամասնության կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման փաստը, որն, ըստ նրա, հասարակության եւ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի սպասելիքներին այդպես էլ չհամապատասխանեց. «Դրանով չհաջողվեց փակել այն սողանցքները, որոնք ընտրակեղծիքների համար սողանցքներ են թողել, նաեւ պահպանվել է մեծամասնական ընտրակարգով ընտրությունների համակարգը»:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու նպատակով շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ ձեւավորելու առաջարկին, ապա նա փաստեց, որ դեռ անցյալ տարի խորհրդարանական ընդդիմության՝ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» կողմից այդպիսի փոփոխություններ առաջարկող օրենսդրական մի քանի նախաձեռնություններ են եղել՝ նաեւ համատեղ մշակված նախագծի տեսքով: «Ու թեեւ այն ժամանակ մենք չստացանք արտախորհրդարանական ընդդիմության աջակցությունը, բայց ես նաեւ չեմ կարծում, որ մենք ընդդիմադիր դաշտում լինելով կարող ենք մեզ շռայլություն թույլ տալ, որ որեւէ պահի ընդդիմադիր որեւէ հատվածից այդ ուղղությամբ դրական քայլ կատարելու դեպքում մենք այդ մեկնած ձեռքը օդում թողնենք: Կարծում եմ, դա (ՀԱԿ-ի առաջարկը) կարելի է քննարկել: Սա իմ անձնական տեսակետն է, որովհետեւ կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Եթե իսկապես մենք տեսնենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները եւս համաձայնեն «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի արդեն արված համատեղ այդ առաջարկներին միանալ՝ ապա այդ համատեքստում ՀԱԿ-ի հետ համագործակցության համար որեւէ խնդիր չեմ տեսնում»,- հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ