Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաջարան գյուղը՝ իմ հուշերի թանգարանը

Դեկտեմբեր 21,2011 14:28

Քաջարանցի իմ ուսանող Աշոտ Աթայանի այս նյութը լավ կլինի  կարդան բիզնեսացավով  տառապողները

Օրվա լրահոսը սրտի ցավով եմ աչքի անցկացնում, անընդհատ որեւէ նորության եմ սպասում: Ի՞նչ պիտի լինի իմ պապի, հոր, հորեղբոր, իմ գյուղի՝ Քաջարանի հետ: Չնայած հիմա հեռու եմ իմ ծննդավայրից՝ Քաջարանից, ապրում եմ Երեւանում. սովորում եմ:

Գիտեմ՝ իմ գյուղի Քաջարանի երբեմնի կապույտ, պարզկա երկնքում վերացման, բնաջնջման ահեղ ամպեր են գոյացել:

Հիմա մտքով այն գյուղում եմ, որտեղ բախտ եմ ունեցել անցկացնել իմ մանկության մի քանի ամառները:

Գյուղի՝ իրար վրա կքած տների, չնաշխարհիկ բնության պատկերները աչքիս առաջ են, հիշողությանս մեջ: Կարծես դեռ երեկ լիներ: Ես գյուղի երեխաների հետ ֆուտբոլ եմ խաղում գյուղապետարանի դիմացի հրապարակում: Ես փոքր եմ, անհոգ վազում եմ գնդակի ետեւից, ծիծաղում եմ իմ խաղընկերների հետ: Ես դեռ չգիտեմ, որ տարիներ  հետո գյուղը կքանդվի, այն հրապարակը, որտեղ մենք ֆուտբոլ ենք խաղում նույնպես կքանդվի, գյուղը կամայանա, տները կքանդվեն, մարդիկ անօրրան կմնան…

Ոմանք վախենում են, որ իրենց տները կքանդվեն, ոմանք չեն ուզում իրենց վարելահողերը կորցնել: Ես վախենում են կորցնել մի ամբողջ թանգարան՝ իմ հուշերի թանգարան գյուղը:

Գյուղի գերեզմանոցն էլ կքանդեն, այն նույն գերեզմանոցը, որտեղ խաղաղ հանգչում են  իմ նախնիների, մեր  գյուղացիների աճյունները: Կքանդեն 17-րդ դարի Սուրբ Հակոբ եկեղեցին, որտեղ վերջին անգամ մոմ եմ վառել այս տարվա օգոստոս ամսին: Կքանդեն…

Երեւի լուսահոգի Նվարդ տատի խնձորենու  այգին էլ կքանդեն, կապույտ տախտակներով սարքած տնակը, տնամերձ ծաղկանոցը:

Գյուղի տարածքը «բացառիկ գերակա շահ» ճանաչողները հավանաբար երբեւէ չեն եղել Քաջարանում, չեն ճանաչել իմ պապին, տատին, երբեւէ չեն եղել Նվարդ տատի խնձորենիների այգում, չեն շփվել մյուս գյուղացիների հետ: Բայց  հանուն իրենց շահի որոշել են քանդել իմ գյուղը՝ անտուն թողնելով իմ գյուղացիներին: Որոշել են քանդել իմ Քաջարանը՝ հուշերի թանգարան իմ գյուղը: Ես ի՞նչ կարող եմ անել…, կարող  եմ պահանջել՝ ձեռքներդ հեռու իմ հայրենի գյուղից, իմ մանկությունից, իմ հուշերից , իմ տնից:

Աշոտ Աթայան

Վ.Բրյուսովի անվան  Պետական լեզվաբանական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031