Դեկտեմբերի 19-ին Սումգայիթում օլիմպիական մարզահամալիրի բացման ժամանակ Իլհամ Ալիեւը, նշելով, որ վերջին տարիներին իրենց երկրում բազմաթիվ միջազգային բարձր մակարդակի մրցումներ են անցկացվում, հպարտությամբ անդրադարձել է նաեւ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Նրա խոսքերով, բոլոր երկրները, իբրեւ թե, հատուկ նշել են կազմակերպական բարձր մակարդակը:
Ադրբեջանի առաջնորդը, ինչպես երեւում է, հիշողության հետ կապված խնդիրներ ունի: Այլապես, չէր «մոռանա», թե Բաքվում ինչ պայմաններում էր բնակվում, մարզվում եւ մրցման մասնակցում Հայաստանի հավաքականը, թե մարզասեր կոչվածները մեր տղաների մրցելույթների ժամանակ իրենց որքան սանձարձակ էին պահում, իսկ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», իրենց իսկ լրատվամիջոցների վկայությամբ, մարզադահլիճում եւ դրա սահմաններից դուրս հարձակում էր պլանավորել ու իրականացրել հայ մարզիկների վրա: Ալիեւը մոռացել է նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականի մասին, որը, միայն այն բանի համար, որ իր կազմում երկու հայ բռնցքամարտիկ կար, նույնպես ամբողջ առաջնության ընթացքում մեկուսացված է պահվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ