Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք ո՞ր քարանձավից են

Դեկտեմբեր 21,2011 14:08

Օրերս «Հայլուրով» տեսա «ադրբեջանական սխտորի» պատմությունը: Երեւանցի մտավորականը «սուպերմարկետներից» մեկում ուզում էր նախատոնական սխտոր գնել, ու հանկարծ տեսնում է  «Ադրբեջանի սխտոր» գրությունը: Ո՞նց թե, թշնամու սխտորն ի՞նչ գործ ունի մեր երկրում: Ուշադիր չլիներ, տաներ տուն, ու Բաքվից Հեյդարի որդին սեղմեր կոճակն ու Հայաստանում պայթեր դիվերսիոն սխտորը… Իսկույն զանգում է հեռուստատեսություն, աղմուկ բարձրացնում, սրանք էլ անմիջապես նկարահանման խումբ են ուղարկում, հետաքննում, փորձում պարզել, թե ով է ներկրել ոխերիմ թշնամու սխտորը: Անվանի մեկնաբանն էլ դիմում է երկրի պետանվտանգության ծառայության աշխատակիցներին, որ անպայման պարզեն եւ ձերբակալեն ներկրողներին:

Արցախ-Ադրբեջան պատերազմի տարիներին հայ եւ ադրբեջանցի գործարարները շարունակում էին իրար հետ գաղտնի կապեր պահպանել, շահավետ առեւտուր անել: Վրաստանով բենզին էին բերում Հայաստան, Բաքվում արտադրվող կտորեղեն, սննդամթերք, իսկ Հայաստանից տանում էին կոշկեղեն եւ այլն: Այս առիթով Բաքվի լրատվամիջոցները մեծ աղմուկ բարձրացրին:  Հիշում եմ, Վալերի Քոչարյանը հայտնեց, որ զինվորական սավանները հենց լվացող մեքենայի մեջ ես գցում, շուտ պատառոտվում են: Հայ գործարարի հետ դիմեցի լեզգիական «Սադվալ» կազմակերպության ընկերներին, որոնք Բաքվի գործարանից ավելի պինդ կտոր բերեցին Մախաչկալա, այնտեղից էլ ինքնաթիռով տեղափոխեցինք Ստեփանակերտ: Ինքնապաշտպանության բանակի հրամանատարությունը շատ գոհ էր: Ոչ ոք չբողոքեց, թե ինչո՞ւ պետք է հայ զինվորը ադրբեջանական սավանի մեջ քնի: Իսկ բաքվեցի գործարարները ձեռ չէին քաշում, խնդրում էին էլի գնել այդ գործվածքից, հազար ու մի այլ ապրանք էին առաջարկում:

Չգիտեմ, ինչպե՞ս որակեմ մեր մտավորականի «սխտորական» ահազանգը: Դա հայրենասիրությո՞ւն էր, թե… սովորական  ազգայնամոլություն, որը ավելի ու ավելի է արմատավորվում Հայաստանում: Իսկ հայտնի է, թե հասարակական երեւույթ դառնալով, իր մեջ ինչ վտանգ է պարունակում ֆաշիզմը:  Մի քանի տարի առաջ Գրողների միության նախագահությունը իր հերթական նիստում քննարկում էր ադրբեջանցի գրողների հետ համագործակցության իմ ծրագիրը: Մտածում էի փոխըմբռնման, հարեւանության եզրեր գտնել, իսկ այդ գործում կարող էին գրողները առաջին քայլերն անել: Նախագահության բոլոր անդամները մերժեցին. «Ինչպե՞ս կարելի է թշնամու հետ խոսել…»: Կողքիս նստած էր թարգմանչուհի, բանաստեղծ Սեդա Վերմիշեւան, որը հարցրեց. «Բակուր, սրանք ո՞ր քարանձավից են…»:

Մոսկվայում հրատարակված մանկական «Երկնային Ճողոպրիկի արկածները Լեռնային Ղարաբաղում» գրքի վերջաբանում դիմում եմ ադրբեջանցիներին, որ նպաստեն՝ եկող նոր սերնդի մեջ սերմանելու փոխադարձ ըմբռնմանը, հաշտվողականությանը, հարեւանությանը, քանի որ հարեւանների մեջ անվերջ թշնամանքը հղի է երկու կողմերի համար էլ կործանարար վտանգներով: Գրքում նկարագրվում է, թե ինչպես են ադրբեջանցի երեխաները, չնայած ադրբեջանական բանակի հրամանատարների հանձնարարությանը` համատեղ խաղի ժամանակ  ծուղակը գցելու եւ գերելու արցախցի պատանիներին, օգնում են հայ երեխաներին ազատվելու գերությունից:

Հայտնի գողերից մեկը 1988-ին մոտեցավ ինձ եւ ասաց. «Ձեր աշխարհում պատերազմ է, մեր աշխարհում` խաղաղություն»: Նա առաջարկեց Գյանջայի իր ընկերների միջոցով ՀՀ-ից Արցախի սահմանը ապրանք տեղափոխելու համար իր օգնությունը: Այսինքն, կային մեր կյանքի որոշակի ոլորտներ, որոնք, չնայած պատերազմին, որոշակի հարաբերություններ էին պահպանում հակառակորդ կողմի հետ:

Ինձ թվում է, որ հաղթանակող կողմի դիրքերից մենք չպետք է ցած իջնենք ու զոհ գնանք հակառակորդ կողմի ակտիվ քարոզչության հետեւանքով հասարակական երեւույթ դարձած ֆաշիզմին:

 

Բակուր Կարապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031