Սխալ ավանդույթները շարունակվում են
Այս օրերին սուպերմարկետներով, առեւտրի կենտրոններով շրջելիս միայն մի եզրակացության կարելի է գալ. այն է՝ հայ ազգը տառապում է շոպոգոլիզմով: Նորմալ երեւույթ համարվող ամանորյա գնումներ կատարելը աշխարհի բոլոր երկրների ժողովուրդների համար էլ հաճելի է, բայց ոչ մի երկրում հայաստանցիների պես ամբողջ տարվա ընթացքում չարչարանքով կուտակած գումարը մարդիկ մեկ օրում խանութներում «քամուն չեն տալիս»: Չնայած մասնագետներն ասում են, թե շոպոգոլիզմը զարգանում է հիմնականում կանանց մոտ, բայց հայերի դեպքում՝ տղամարդիկ ոչնչով չեն զիջում կանանց: Գաղտնիք չէ, որ հայերը հյուրասեր ազգ են, բայց դրանով մեկտեղ՝ նաեւ շոպոգոլիկներ են: Եվ չնայած շոպոգոլիզմը զարգացել է խանութների զեղչերի հետեւանքով, բայց մեր համաքաղաքացիներին զեղչերի չլինելն այնքան էլ չի անհանգստացնում, դրա վառ ապացույցն է այն, որ ամենուր տոնական օրերին խանութներում մեծ զեղչեր են տիրում, իսկ Հայաստանում ճիշտ հակառակը՝ մեծ թանկացումներ:
Սուպերմարկետներում ձեռքից ձեռք են խլում անգամ այնպիսի մթերքներ, որոնք հաստատ անսպառ են, օրինակ՝ հավկիթը, կաթնամթերքը, խմիչքները եւ այլն: Կողքից հետեւելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում հավերն էլ ձու չեն ածելու, կովերը կաթ չեն տալու, խմիչք էլ չի արտադրվելու: Իսկ այս ամենը բխում է ամանորյա սեղանը մթերքներով գերծանրաբեռնելու մոլուցքով տառապող հայերի անուղղելի բնավորությունից: Ավանդապաշտ լինելը վատ չէ, բայց, չգիտես ինչու, ավելի կարեւոր ավանդույթներ պահպանելու փոխարեն՝ շարունակում ենք Նոր տարին օրերով փռված սեղաններով դիմավորել, որը հաճախ արվում է չտեսության ու ցուցամոլության դրսեւորումներից ելնելով:
Շարունակելով սխալ ավանդույթները, 10 օրից կսկսեն «պարտքի տակ չմնալու համար» մեկը մյուսի տուն գնալը, կհնչեցնեն ձեւական բնույթ կրող շնորհավորանքներն ու կբարձրացնեն միայն «չխկացնելու» համար լցված բաժակները: Ամանորին վերաբերող սխալ ավանդույթներից է նաեւ sms հաղորդագրություններ ուղարկելու միջոցով միմյանց շնորհավորելը: Հայերը նույն տեքստն ուղարկելով բջջայինների մեջ առկա բոլոր հեռախոսահամարների տերերին, իզուր տեղը ծանրաբեռնում ու խափանում են բջջային օպերատորների մատուցած կապը: Իսկ իրականում հնարավոր չէ, որ մարդն իր հեռախոսի մեջ պահպանվող 300-400 հեռախոսահամարների տերերին էլ նույն բանը ցանկանա:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ