Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես հայ եմ, բայց Երկրագնդի մարդ»

Դեկտեմբեր 21,2011 13:41

Վաչե Շարաֆյանը «դրսում» ներկայանում է ոչ թե հայ կոմպոզիտոր, այլ հայաստանցի

Վ. Շարաֆյանը (աջից)՝ Յու. Բաշմետի հետ:

«Առավոտը» կոմպոզիտոր աչե Շարաֆյանին  ուղղեց հիմնականում հանդիսատեսին հետաքրքրող հարցերը, որոնց մեջ առանձնանում է այն, որ Շարաֆյանի ստեղծագործությունները վերջին տասը տարիների ընթացքում ավելի շատ հնչում են Արեւմուտքում, քան հայրենիքում: Համակարծիք լինելով հանդիսատեսի հետ, ավելացնենք, որ կոմպոզիտորը այս տարեսկզբից Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իսլանդիայում ունեցել է սեփական երկերի 7 համաշխարհային պրեմիերա՝ հիմնականում արեւմտյան ճանաչված անսամբլների ու նվագախմբերի հետ, հանրահայտ համերգասրահներում, նույնիսկ Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում, թեեւ մեկ հայկական նախագիծ, այն էլ դրսում, կարելի է առանձնացնել. Լոս Անջելեսում «Դիլիջան» համերգաշարի շրջանակներում, որի հիմնադիրներն են հայտնի երաժիշտներ՝ ջութակահար Մովսես Պողոսյանը եւ խմբավար Վաչե Պարսումյանը, առաջին անգամ հնչել է կոմպոզիտորի 51-րդ սաղմոսը՝ ճանաչված տենոր Դանիել Պլաստերի եւ լարային քառյակի կատարմամբ, իսկ Հայաստանում 2-3 անգամ են հնչել Շարաֆյանի փոքրածավալ կամերային գործերը՝ ՌԴ-ից հրավիրված երաժիշտներ՝ տավղահարուհի Վալենտինա Բորիսովայի եւ ալտահար Մաքսիմ Նովիկովի կողմից: Նշենք նաեւ, որ 2011թ. հունվարից հանրահայտ Berlin Philharmonic դահլիճում Մ. Նովիկովը մատուցել է հայ կոմպոզիտորի կամերային երկերը: Վերը շարադրվածի առիթով Վ. Շարաֆյանը հայաստանցի, սակայն արեւմուտքում առավել հայտնի իր որոշ կոլեգաների «օրինակով» արդարացավ: Եթե նրանք ասում են, թե դրսում իրենք, միեւնույն է, ներկայանում են որպես հայ կոմպոզիտոր, ապա Շարաֆյանը՝ իբրեւ կոմպոզիտոր Հայաստանից: Մեր զրուցակիցը շեշտեց. «Գուցե տարբերությունն առաջին հայացքից մեծ չէ, բայց հայ կոմպոզիտոր բառակապակցությունը մի տեսակ սահմանափակում է պարունակում իր մեջ: Ես հայ եմ, բայց Երկրագնդի մարդ»: Նրա խոսքով՝ ի՞նչ կարեւոր է, թե որտեղ է հնչում երաժշտությունը. չէ՞ որ այն սահմաններ չունի: Հետո էլ շեշտեց, որ կոնկրետ գործի պրեմիերան կատարվում է այն երկրում, որտեղից պատվերը ստացվել է:

Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ չի անդրադառնում օպերային եւ բալետային ժանրին, ստեղծագործողն ասաց, որ 2012թ. պլանավորված է իր «Աբգար արքա» օպերայի ձայնագրությունը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ օպերային թատրոնի մեներգիչների մասնակցությամբ, որից հետո կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը ձեռնամուխ կլինի նշյալ օպերա-ֆիլմի նկարահանման աշխատանքներին: 2012թ. հունվարից կոմպոզիտորը, «չդավաճանելով իր սկզբունքներին», կսկսի «արեւմտյան հաղթարշավը»՝ ճանաչված «Զերաֆին» անսամբլի կատարմամբ հնչեցնելով «Հիասքանչ պարտեզում» երկը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031