Երեկ Տավուշի մարզկենտրոն Իջեւանի մշակույթի տանը տեղի ունեցավ Տավուշի մարզի գործարարների (գործատուների) առաջին ֆորումը: Դեռեւս մայիս ամսին մարզի մի խումբ գործարարներ հիմնադրել էին Տավուշի գործարարների միությունը: Ֆորումին մասնակցում էին Տավուշի արդյունաբերողներ, գործարարներ, հոգեւորականներ, Տավուշի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները, մարզում վերջերս ստեղծված գյուղատնտեսական 10 կոոպերատիվների նախագահները:
Հավաքը եւ գաղափարը ընդունելի է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի համար, երեկ ստեղծվել է նաեւ այս միության Տավուշի մասնաճյուղը:
Տավուշի մարզի գործարարներն արդեն ունեն Տավուշի մարզում ձեռնարկատիրության եւ գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման եւ արտահանման կարողությունների եւ զարգացման հնարավորությունների մասին տվյալներ, որ ստացել են ՄԱԿ-ից: Ըստ այս տվյալների էլ կքննարկվի սահմանամերձ գյուղերում համատեղ ուժերով ներդրում կատարելու հարցը, ՀՀ կառավարության օգնությամբ Տավուշի սահմանագոտում բիզնեսի կայացման համար տնտեսական նպաստավոր դաշտ ստեղծելու խնդիրը: Տավուշի գործարարները կփորձեն նաեւ կապեր հաստատել սփյուռքահայ գործարարների հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ