Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ, կիսաճիշտ եւ ոչ վայել բաներ»

Դեկտեմբեր 21,2011 13:37

ԳԱԱ երկրաբանության ինստիտուտում նորից նույն տնօրենը վերընտրվեց

Երկրաբանության ինստիտուտի տնօրենի թեկնածու Հ. Մելիք-Ադամյանն իր «թղթե շերեփով»:

Երկրաբանության ինստիտուտի տնօրենի թեկնածու եւ գործող տնօրեն Ա. Կարախանյանը:

ԳԱԱ երկրաբանության ինստիտուտում օրերս տնօրենի ընտրություններ էին: Կար 2 թեկնածու՝ գործող տնօրեն Արկադի Կարախանյանը եւ նույն ինստիտուտի գիտաշխատող Հայկ Մելիք-Ադամյանը: Նա, մինչ բուն նախընտրական ելույթներն ու ընտրությունների գործընթացը, «Առավոտի» հետ զրույցում խոստովանեց, որ հույս չունի, թե շատ ձայներ կհավաքի, քանի որ, ըստ նրա, ընտրողները կաշկանդված են եւ վախեցած. «Կոլեկտիվը վախեցած է, եւ տնօրենի կողմից ավտորիտարության մաս կա: Ես գտնում եմ, որ ինստիտուտում ամեն ինչ թափանցիկ չի արվում ֆինանսավորման հարցում: Գիտական ստորաբաժանումների ղեկավարներին տնօրենը կամայական է նշանակում: Իսկ մեր կանոնադրությամբ՝ պետք է մրցույթով լինի»: Թե ինչո՞ւ է առաջադրվել, եթե քիչ թե շատ ձայն հավաքելու հույս չունի, թեկնածուն այսպես մեկնաբանեց. «Ես պայքարում եմ անարդարության, ավտորիտարիզմի դեմ: Եվ գտնում եմ, որ պարտված է նա՝ ով չի պայքարում»: Իսկ իր մյուս դժգոհությունները Մելիք-Ադամյանը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի հետ մեկտեղ:

Առաջինն իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց գործող տնօրեն Ա. Կարախանյանը, որը «slide show»-ով ցույց տվեց, թե ինչ է արել եւ ինչե՜ր դեռ պիտի անի՝ ընտրվելու դեպքում: Պարոն Կարախանյանը հատկապես շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ իր տնօրեն եղած ժամանակ շատ դրամաշնորհներ են բերել միջազգային կառույցներից:

Մյուս թեկնածուն՝ Հայկ Մելիք- Ադամյանը, ի տարբերություն գործող տնօրենի, իր ծրագիրը ներկայացրեց շատ հին մեթոդներով. նա իր ծրագիրն ու ելույթը գրել էր թղթի վրա: Այս թեկնածուն իր ելույթը սկսեց մի շարք դժգոհություններից, նա մասնավորապես դժգոհեց, որ ինստիտուտում գործում է «Գեոռիսկ» ընկերությունը, որում, Մելիք-Ադամյանի խոսքերով ասած՝ փայ ունի նաեւ գործող տնօրենը. «Այն, ինչ անում է «Գեոռիսկ» ՓԲԸ-ն՝ պայմանագրեր է բերում ու գրանտներ, պետք է անի ինստիտուտը միայն: Թող տպավորություն չստեղծվի, որ ես հին կոմունիստ եմ, հիշում եմ հին երշիկները ու դեմ եմ մասնավորին: Նույն գործառույթներն անող այս երկու հիմնակների պատճառով, որոնք ինստիտուտի տարածքում են՝ շահերի բախում է լինում: Ինստիտուտի ֆինանսական միջոցներն էլ թափանցիկ չեն: Ինստիտուտի հաշվետվություններն էլ ներկայացնում եք ռուսերեն լեզվով: Գնացեք հայերեն գրել-կարդալ սովորեք»: Ինչ վերաբերում է բուն նախընտրական ծրագրին, ապա պարոն Մելիք-Ադամյանը նշեց, որ ընտրվելու դեպքում նպաստելու է ՀՀ երկրաբանության բազմահատորյակի ստեղծմանը՝ ներառելով նաեւ Արցախը: Այս թեկնածուի ելույթից հետո շատերը արտահայտվելու ցանկություն խնդրեցին: Սակայն նրանք, ովքեր խոսելու իրավուք ստացան, մինի քարոզարշավ կատարեցին՝ հօգուտ գործող տնօրենի: Ընտրողներից մեկն էլ իր ելույթում ասաց. «Փորձած թանն ավելի լավ է, քան անփորձ մածունը»:

Տնօրենի ընտրությունից առաջ ընտրողներին ցուցադրելով ընտրաթերթիկը, հիշեցնում էին. «Ջնջե՛ք այն անունը, ում դեմ եք»: Ընտրողներից մեկն էլ հարցրեց՝ «Ռետինո՞վ»: «Ոչ՝ գրիչով»,- պատասխանեց նիստը վարողը:

Կայացավ «փակ» ընտրություն. 80 ընտրողներից 77-ը իր ձայնը տվեց գործող տնօրենի օգտին, իսկ 3-ը «դեմ» քվերակեց: Հ. Մելիք-Ադամյանը, ինչպես կանխատեսել էր, հավաքեց 3 ձայն, 77-ը դեմ էին: Անվավեր քվեաթերթիկ չկար: Մինչ ընտրությունների արդյունքները կբացահայտվեին, «Առավոտը» գործող տնօրենին խնդրեց մեկնաբանել իր հակառակորդի մեղադրանքները. «Սա նախընտրական պայքար ա, երբ որ մեկը մյուսի վրա փորձում է ճիշտ, ոչ ճիշտ, կիսաճիշտ, ոչ վայել բաներ ասել, որը ես չեմ սիրում ու չեմ անում: Ինչ վերաբերում է ռուսերենին, սովետական ժամանակ գրականությունը ռուսերեն էր եւ դահլիճում նստածների համար ավելի ընդունելի է ռուսերենը: Եվ տերմինալոգիայի հարց կա, եթե հայերեն ասեմ, ոչ ոք չի հասկանա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031