Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր տարին գա՝ պայթուցիկներս հանեմ-տրաքացնեմ»

Դեկտեմբեր 21,2011 13:33

Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքի որոշ բնակիչներ կարծում են, որ Ծննդյան տոներին երեխաների համար պայթուցիկներ գնելը նաեւ կրթադաստիարակչական նշանակություն ունի:

Ձյան բացակայությունն իր «սեւ» գործն անում է: Մոռացության մատնվող ձմեռային անմեղ խաղերին փոխարինելու են գալիս վտանգավոր, ագրեսիվ, երբեմն էլ պատերազմական դրվագներ հիշեցնող խաղերը:

Տարբեր չափերի ու ձեւերի, գնային տարբեր արտահայտություն ունեցող պայթուցիկները, անգամ պետական տարբեր արգելքներին, այդուհանդերձ, տեղ են գտնում հայկական շուկայում, վաճառասեղաններին են հայտնվում հատկապես Ամանորից առաջ՝ նախատոնական օրերին: Հատկապես տղա երեխաների համար դրանց գործածումը ակտուալ է դառնում հենց Ամանորին:

Էջմիածնեցի 9 տարեկան Հայկը հենց այդպես էլ ասում է՝ «Նոր տարին գա՝ պայթուցիկներս հանեմ-տրաքացնեմ»: Երեխայի կարծիքով՝ պայթուցիկները նրա համար են, որ Նոր տարվա գալուստը դիմավորելուց բացի, տրաքացնի նաեւ իրեն անցանկալի մարդկանց ոտքերի տակ: Հայկը չի անում, բայց նրա հասակակից տղաները «պայթուցիկները հանում-տրաքացնում» են նաեւ փողոցով անցնող ծանոթ ու անծանոթ աղջիկների ոտքերի տակ… Ուշադրություն գրավելու յուրատեսակ միջոց է, որ երբեմն սկսվում է «պայթեցնողների» աշխույժ ծիծաղով եւ վերջանում պայթյունի «զոհ» աղջիկների «հովանավոր» տղաների հետ ծեծկռտուքով:

Պայթուցիկների հսկա «արսենալը», որ Հայկի ծնողները ձեռք են բերել երեւանյան շուկաներից մեկից, երեխայի մոր՝ Լիլիթի կարծիքով՝ ամենալավ նվերն է, որին տղան սպասել է ամբողջ տարին:

Պարզելու համար, թե Ամանորի ինչ նվերներ են ընտրում ծնողներն իրենց երեխաների համար, «Առավոտը» դիտորդի կարգավիճակով եղավ Էջմիածնի մի քանի խանութներում: Ինչպես եւ արդեն կանխատեսելի էր՝ պահանջարկի ամենամեծ չափաբաժինը պայթող խաղալիքներինն էր: Անսպասելին, սակայն, դրանց բացակայությունն էր: Խանութներից մեկի տնօրենը նույնիսկ սրտնեղած ասաց՝ ինչից եկամուտ ունենք, արգելում են վաճառել: Միամտություն ունեցանք հարցնել, թե այդ խաղալիքներով չի՞ խեղաթյուրվում, արդյոք, երեխայի պատկերացումը խաղի մասին, տնօրենն ուղղակի նետեց՝ «քեզ է՞լ ա խանգարում»:

Պայթուցիկների վաճառքն արգելող որոշումը Էջմիածնի քաղաքապետարանը ընդունել է դեռեւս 2006 թվականին: Այս մասին գիտեն Էջմիածնի առեւտրի բոլոր օբյեկտներում: Այդուհանդերձ, ամեն տարի, դեկտեմբերի սկզբին քաղաքի ղեկավարությունն իր պարտքն է համարում գրավոր հիշեցմամբ մեկ անգամ եւս զգոնության կոչ անել՝ վտանգավոր խաղալիքների վաճառքից զերծ մնալու հորդորով: Ճիշտ է՝ հիշեցումից հետո ակնհայտ վաճառք չի իրականացվում, բայց փողոցներում պարբերաբար պայթող խաղալիքների պակաս էլ չի նկատվում:

Հովսեփ Մեսրոպյանն իր երկու տղաների համար կրակող պայթուցիկներ է գնել մինչեւ քաղաքապետարանի հիշեցումը: Ասաց, որ Էջմիածնի խանութներից է գնել, իսկ թե որից՝ չհիշեց: «Ինչի՞ միայն տղաներիս, իմ համար էլ եմ գնել: Գիտե՞ք ինչ կայֆ ա կրակելը. քիչ ա մնում ադրենալինը գա՝ բերանիցդ թափվի: Ի՞նչ ա նշանակում վաճառքն արգելել: Է, որ արգելելու էին, թող արգելեն նաեւ ներկրելը: Բա մարդիկ փող են տվել, երկրից-երկիր ապրանք են բերել, պիտի ծախե՞ն, թե՝ չէ: Խանութից արգելեն՝ ուրիշ տեղից կծախեն: Նարկոտիկի վաճառքն էլ ա արգելված, բայց ծախողը ծախում ա, օգտագործողն էլ՝ օգտագործում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հովսեփի տրամաբանությամբ՝ տղա երեխան պետք է մանկուց շփվի ռազմական խաղալիքների հետ, որ «համ վախը կոտրվի, համ էլ զենքի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունենա»:

Պայթուցիկների պայթա-ֆշշա-թշշական իսկական բումը սկսվում է Ամանորի գիշերը, երբ Էջմիածինը Նոր տարվա գալուստը տոնում է Կոմիտասի անվան հրապարակում: Միայն այն մտքից, որ ամեն րոպե կարող ես հայտնվել «ահաբեկիչների», ռազմական ոչ կանոնավոր բանակի սիրողական, բայց վտանգավոր շրջափակման մեջ, ի չիք է դարձնում հանդիսությանը մասնակցելու ամենամեծ ցանկությունդ անգամ:

Որ չարաբաստիկ խաղալիքների վաճառքն արգելելու մասին որոշումը կա, դա ողջունելի է: Բայց ինքնանպատակ չի՞ դառնում, արդյոք, որոշումը, երբ չի արդարացվում արդյունքը:

ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031