Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայրերին կստիպեն կուրծք տալ

Դեկտեմբեր 21,2011 13:20

Եթե «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը գործարար պատգամավորների դիմադրությանը չհանդիպի, ապա այսուհետեւ կարգելվի նորածիններին անտեղի արհեստական կերեր տալը:

Այսօր հանրապետության գրեթե բոլոր ծննդատներում, նորածնի ծնվելուց դեռ մի ժամ էլ չանցած, բուժաշխատողներն անմիջապես կաթնախառնուրդ են «դեմ տալիս» ծնողներին, փոխանակ ստիպեն, այնուամենայնիվ, երեխայի լացին մի քիչ էլ դիմանալ, բայց անպայման կրծքի կաթով կերակրել: Չնայած նրան, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ կրծքով կերակրելը կարող է տարեկան մոտ 100 երեխայի կյանք փրկել, նպաստել մոր եւ մանկան առողջությանը, սակայն կրծքի կաթի փոխարինիչներ ներկրողներն ավելի մեծ ազդեցություն են ունենում եւ ամեն կերպ փորձում են իրենց ապրանքը լայնորեն սպառել: Չի բացառվում, որ ներմուծող ընկերությունները, իրենց ապրանքը սպառելու համար, ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերում որոշ բուժհիմնարկների աշխատողների հետ, որպեսզի նրանք անվճար արհեստական կաթնախառնուրդ տրամադրեն մայրերին: Ծննդյան առաջին օրերին երեխան այդ արհեստական սնունդն ընդունելուց հետո այլեւս հրաժարվում է մայրական կաթից՝ զարկ տալով ներմուծողների գործին:

Նկատենք, որ առողջապահության ոլորտի մասնագետները տարիներով պայքարում են, որպեսզի «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը մտնի Ազգային ժողով: Այս տարի որոշ տեղաշարժ արձանագրվել է. առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովում այն արդեն քննարկվել է: Հանձնաժողովի դրական պատասխանից հետո օրենքի նախագիծը եկող տարի կմտնի մեծ օրակարգ: Եթե այն ընդունվի, ապա կարգելվի՝ «Բուժաշխատողի կողմից մանկական սննդի եւ հարակից ապրանքների վաճառքով, գովազդի կամ այլ ձեւերով զբաղվելը»: Կարգելվի նաեւ «Մանկական սննդի եւ հարակից ապրանքների խրախուսումը արտադրողների եւ բաշխողների կողմից», ինչպես նաեւ կարգելվի նմանատիպ արտադրանքի գովազդը առողջապահական հաստատություններում եւ առեւտրի կետերում: Մասնագետները վստահեցնում են, որ եթե օրենքն ընդունվի, ապա ավելի շատ մայրեր կսկսեն կրծքով կերակրել, այլ ոչ թե հեշտ միջոցի դիմել եւ արհեստական կերեր տալ նորածիններին:

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կանխատեսում են, որ օրենքի նախագծի շուրջ ԱԺ-ում դիմադրությունների կհանդիպեն, քանի որ մայրական կաթի փոխարինիչներ ներմուծողները, իհարկե՝ ոչ ի պաշտոնե, բայց ԱԺ որոշ պատգամավորներ են: Մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին պատկանող ընկերություններից մեկը նաեւ դեղերի ներմուծմամբ է զբաղվում: Պարզից էլ պարզ է, որ այս նախագիծն օրենք դառնալուց հետո լուրջ վնաս կհասցնի ներմուծողների գրպանին:

Դեկտեմբերի 17-18-ին Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի ժամանակ, որը նվիրված էր առողջապահության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին, քննարկվեց նաեւ սույն օրենքի նախագիծը: «Առավոտը» սեմինարին ներկա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանից հետաքրքրվեց՝ թե մտավախություն չունե՞ն, որ նախագիծը հանդիպելով լուրջ դիմադրության՝ կտապալվի, հատկապես հաշվի առնելով, որ շատ երկար ժամանակ պահանջվեց այն ԱԺ ուղարկելու համար:

«Իհարկե, մտահոգված ենք այդ խնդրով: Եթե կան այդպիսի ներմուծողներ, որոնք ստեղծում են պայմաններ կամ համոզում, ստիպում են բուժաշխատողներին, որ նշանակեն այն դեղերը կամ կերերը, որոնք ավելի շատ անհրաժեշտ են ներմուծողին, քան հիվանդին, ապա օրենսդրական նախաձեռնությամբ վերջ կդրվի այդ գործունեությանը: Բժիշկը դեղը կամ մանկական կերը պիտի նշանակի անհրաժեշտության դեպքում եւ հիմնավորի, թե ինչու է դա նշանակել: Բնականաբար, այդ ընկերություններն իրենց շահերի մասին են մտածում ու այդ կերպ վարվում, իսկ բժիշկների կողմից դա ոչ մարդկային եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Սամվել Ալեքսանյանը լավ գործարար է, եւ մենք կարող ենք նրա հետ համաձայնության գալ: Սակայն խնդիրը անձի հետ չէ կապված, այլ համակարգային է: Դա նաեւ մեր բժշկության վարկանիշին է վերաբերում»:

Օրենքի նախագծի համահեղինակ եւ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ չգիտի, թե ով է ներկրողը, բայց պայքարելու է, որ օրենքի նախագիծն անպայման ընդունվի:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031