Կարծում է նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը
«Իմ կարծիքով՝ իշխանությունը վերցնելու իմաստով Համաժողովրդական շարժման ղեկավարությունն ավանտյուրայի չգնաց: Գնար՝ միգուցեւ հաջողվեր, բայց միգուցե՝ նաեւ չհաջողվեր: Այնպես որ, դա կլիներ զուտ ավանտյուրա»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀՇ անդամ, նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը՝ անդրադառնալով մեկ այլ նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի այն պնդմանը, որ 2008-ին Համաժողովրդական շարժումը կարող էր իշխանափոխության հասնել:
Գրիգոր Ոսկերչյանի համար այդքան էլ ընդունելի չէր մեր դիտարկումը, որ եթե այն ժամանակ Համազգային շարժման ղեկավարությունն առաջնորդեր ժողովրդին, գնային անգամ իշխանափոխության, գուցե այլ կերպ իրադարձությունները զարգանային, եւ 10 զոհ էլ չլիներ. «Չէ, այդպիսի եզրակացություն ես չեմ կարող անել: Հնարավոր է՝ ավելի շատ զոհեր լինեին»: Այնուհանդերձ, շարունակեցինք պնդումը, որ եթե Համաժողովրդական շարժման առաջնորդները նպատակ էին դրել ավտորիտար ռեժիմի օրոք հասնել երկրում սահմանադրական կարգի հաստատման, ակնհայտ էր, որ դա չէր կարող լինել առանց լուրջ միջադեպերի եւ մարդկային զոհերի, ու եթե ցանկացած պարագայում պետք է զոհեր լինեին՝ ճիշտ չէ՞ր, որ 10 մարդու թափված արյունը գին ունենար: Գրիգոր Ոսկերչյանն այսպես արձագանքեց. «Նախ՝ ոչ ոք չէր մտածում, որ արյուն կթափվի, որպեսզի մտածեին՝ գին ունենա. իսկ ո՞վ գիտեր, որ իշխանությունը նման քայլի է գնալու, կրակելու է: Ես չեմ կարող ասել, որ քաջատեղյակ եմ ամեն ինչից, բայց, որքան գիտեմ, այն ժամանակ էլ բանակցությունների մասին ինչ-որ խոսք եղել է, եւ այն ժամանակ էլ նորից նույն իշխանությունները ետ են կանգնել նման քայլից: Վստահորեն չեմ կարող ասել, բայց էդպիսի բաներ գիտեմ»:
Հանրագումարի բերելով Համաժողովրդական շարժման եւ ՀԱԿ-ի չորսամյա պատմությունը՝ այսօր մի իրողություն ունենք, երբ ՀԱԿ-ից հեռացել են Հայոց համազգային շարժում կուսակցության կարկառուն անդամները՝ տարբեր պատճառներով: Գրիգոր Ոսկերչյանից մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ այս առիթով: «Եթե դիտարկենք հիմնարար փաստաթուղթը, որով ստեղծվել է ՀԱԿ-ը, ապա, սկզբունքորեն, ՀԱԿ-ի հիմնարար փաստաթուղթը ամբողջ դաշտը բաժանում է երկու մասի. նրանք, ովքեր դեմ են հայտարարված ավազակապետությանը եւ կողմ սահմանադրական կարգ հաստատելուն՝ անկախ քաղաքական, գաղափարախոսական դիրքորոշումներից, կարող են համարվել ՀԱԿ-ի մաս: ՀԱԿ-ի անդամներն անդամատոմս չունեն, որեւիցե տեղ գրանցված չեն. եթե մարդը ընդունում է հիմնարար երկու սկզբունքները, ՀԱԿ-ի համակիր է, կողմնակից է եւ այլն: Եվ անկախ նրանից, որ շատերը կարող են ֆորմալ վիճել ՀԱԿ-ի այս կամ այն ղեկավարի դիրքորոշումների հետ՝ լինելով ընդդիմադիր, ընդունելով այդ դրույթները, ինքս նրանց համարում եմ ՀԱԿ-ի կողմնակիցներ: Իսկ նրանք, ովքեր չեն ընդունում ՀԱԿ-ի հռչակած սկզբունքները, նրանք պարզապես կողմ են ավազակապետությանը եւ դեմ են երկրում սահմանադրական կարգի հաստատմանը: Այդ իմաստով խոշոր բաժանումը տեղի է ունենում, եւ բոլորովին նշանակություն չունի այն, որ մարդիկ քննադատում են ՀԱԿ-ին. դա դեռ չի նշանակում, որ նրանք ՀԱԿ-ի համակիրները չեն»: Առավել առարկայական դաշտ բերելով մեր զրուցակցի դիտարկումը՝ հետաքրքրվեցինք՝ օրինակ, Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Կարապետ Ռուբինյանը եւ նրանց հետ ՀԱԿ-ից հեռացած մյուս՝ արդեն նախկին ՀՀՇ-ականները Գրիգոր Ոսկերչյանի համար ՀԱԿ-ի համակիրնե՞ր են: Պատասխանը եղավ. «Իրենք պիտի որոշեն, իրենք եթե այդ սկզբունքները ընդունում են, ուրեմն ես նրանց կհամարեմ կողմնակիցներ, եթե չեն ընդունում եւ չեն գործում այդ դաշտում, այդ սկզբունքների հիման վրա, ուրեմն նրանք ՀԱԿ-ի կազմում չեն: Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ում պետք է նստենք ցուցակ գրենք, անդամատոմս տանք եւ նման բաներ ու ասենք՝ սա կազմում է, նա կազմում չէ»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ