Լրահոս
Օրվա լրահոսը

Դավաճանության մասին խոսում են դավաճանները

Դեկտեմբեր 21,2011 13:08

Ըստ Սուրեն Սիրունյանի՝ այս վերջինները ժամանակին բազմաթիվ անգամ են դավաճանել Տեր-Պետրոսյանին էլ, ՀՀՇ-ին էլ:

2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ «Յոթի գործով» ազատազրկման դատապարտված եւ 2009-ին ԱԺ կողմից հայտարարված համաներմամբ ազատ արձակված նախկին քաղկալանավոր, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե պետք է դադարեցնել մի կողմից՝ ՀԱԿ-ի եւ մյուս կողմից՝ ՀՀՇ նախկին ղեկավարների, իսկ այսօր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդների միջեւ «փոխհրաձգությունները», «քանի որ նրանք միասին ճանապարհ են անցել, եւ չի բացառվում, որ ապագայում էլ փորձեն իրար հետ  ճանապարհ անցնել»: Մյուս կողմից՝ նա նկատեց, թե այսօր ՀՀՇ նախկին լիդերների դեմ խոսում, մեղադրանքներ են ներկայացնում հիմնականում այն մարդիկ, ովքեր, սկսած 1996-ից ու նաեւ՝ 1998-ին, բազմաթիվ անգամներ են  դավաճանել հենց Տեր-Պետրոսյանին: «Ի սկզբանե ՀՀՇ-ում հավաքված էին մարդիկ, ովքեր ունեին կոնկրետ գաղափարախոսություն, նպատակներ ու ծրագրեր, որոնցով առաջնորդվում էին: Համենայնդեպս, բոլոր այն մարդիկ, ովքեր 1998-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո մնացին ՀՀՇ-ում ու շարունակեցին ակտիվորեն տանել ՀՀՇ-ի որդեգրած գիծը, մի խումբ մարդիկ էին՝  Արարատ Զուրաբյան, Խաչատուր Քոքոբելյան, Անդրանիկ Հովակիմյան, Վահագն Հայոցյան, Հովհաննես Ղազարյան, Մասիս Այվազյան, Ալեքսանդր Արզումանյան: Նրանք ամեն օր էին ՀՀՇ-ում եւ կուսակցական աշխատանքով էին զբաղված: Հիմա ուզում եմ հասկանալ՝ ովքե՞ր են էս մարդկանց ու մասնավորապես Արարատ Զուրաբյանի դեմ նման բանսարկություններով զբաղված, եւ ովքե՞ր են ինչ-որ բանում մեղադրում Զուրաբյանին: Նրան իշխանության հետ գործարք կնքելու մեջ մեղադրողների մեծ մասն ինքն է մի քանի անգամ դավաճանել ե՛ւ Շարժմանը, ե՛ւ ՀՀՇ-ին, ե՛ւ Լեւոնին՝ սկսած 1996 թվականից: Նրանց մի մասը ճամբարից ճամբար է փախել, հետո հետ եկել: Դա մարդկանց մի  խումբ է, ում պետք է միայն, որ իրենց տեղը տաք լինի, որ կարողանան ինքնադրսեւորվել: Դրանք նաեւ մարդիկ են, ովքեր ժամանակին գնացին իշխանությունների հետ համագործակցության ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության օղակներում պաշտոններ ստացան՝ նախագահի օգնականներ ու խորհրդականներ, վերահսկողության վարչության պետի տեղակալ, փոխնախարար, հիմա սկսել են էս մարդկանց իշխանությունների հետ «գործարքի մեջ մտնելու» մեղադրա՞նք ներկայացնել: Այս նույն զանգվածը, ի դեպ, Վանո Սիրադեղյանի՝ Հայաստանից հարկադրաբար հեռանալուց հետո դադարեց ՀՀՇ-ում երեւալ: Էսօր ՀՀՇ նախկին ղեկավարների դեմ խոսացողները այդ տարիներին ես չգիտեմ՝ որտեղ էին քնած կամ ինչով էին զբաղված»,- ասաց ՀՀՇ նախկին անդամ Սիրունյանը:

Մենք հիշեցրինք, որ վերեւում իր թվարկած մարդկանց, նաեւ Զուրաբյանին «վնասարար», իշխանության հետ գործարք կնքած լինելու մասին   ՀՀՇ համագումարում հենց Տեր-Պետրոսյանն է խոսել: «Ես անձամբ չեմ լսել, որ Տեր-Պետրոսյանը հայտարարած լինի, որ Զուրաբյան Արարատը դավաճանել է  ՀՀՇ-ին կամ ՀԱԿ-ին: Նա անուններ, ինչքան գիտեմ, չի տվել: Միգուցե նա ՀՀՇ-ում մնացա՞ծ դավադիրների մասին է խոսել, ում կարողացել է սանձել: Որ անուններ չի տվել՝ ես չեմ կարողացել հասկանալ, թե ում մասին է ասում: Բայց որ Զուրաբյանը որեւէ պայմանավորվածության կամ գործարքի չէր գնա՝ վստահ եմ: Ես նրան շատերից ավելի շուտ՝ 88-ից եւ շատ մոտիկից եմ ճանաչում: Սամվել Նիկոյանի անունն են  տալիս… Է, նա ինձ էլ է այցելել «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Բա ինձ ինչո՞ւ ազատ չարձակեցին: Մարդիկ պիտի ազատ արձակվեին այս կամ այն կերպ, Զուրաբյանին որպես ազատելու ձեւ ընտրվել է Նիկոյանի հանձնաժողովի միջնորդությունը, նա ՀՀՇ նախագահն էր, նաեւ առողջական՝ սրտի հետ կապված խնդիրներ ուներ եւ այդ ընթացքում նաեւ հիվանդանոց էր տեղափոխվել, մյուսների դեպքում իրավապաշտպանների կամ միջազգային կազմակերպությունների միջնորդություններն էին որպես առիթ դարձել: Դա ի՞նչ կապ ունի: Համենայնդեպս, Զուրաբյանն ինքը, ի տարբերություն այսօր ՀԱԿ-ում գտնվող որոշ մարդկանց, դատարանում  չի «խոստովանել» իր մեղքն ու իրեն մեղավոր չի ճանաչել, չի զղջացել: Համ էլ  Զուրաբյանից առաջ էլի մարդիկ էին ազատ արձակվել, բա նրանց համա՞ր ով էր միջնորդել: Իսկ միգուցե իշխանությունները նրան իրականում Տեր-Պետրոսյանին՝ որպես ՀՀ առաջին նախագահի, հարգելով եւ նրա հորդորներո՞վ են բաց թողել եւ ոչ թե Նիկոյանի հանձնաժողովի: Այսօր ՀԱԿ-ի հետ չի, օրինակ, նաեւ Ալիկ Արզումանյանը, չնայած նա ամենաերկարներից մեկն է նստել բանտում: Նա է՞լ է գործարքի մեջ մտել: Դա ի՞նչ ստոր խոսակցության թեմա է»,- հակադարձեց Սիրունյանը:

Նրա մատուցմամբ՝ «ՀԱԿ-ում պառակտում վաղ թե ուշ պիտի լիներ, որովհետեւ 2007-ից հետո, երբ ձեւավորվեց Համաժողովրդական շարժումն ու հետո՝  ՀԱԿ-ը, այնտեղ հավաքվել էին  տարբեր գաղափարախոսությունների, տարբեր մտածելակերպի տեր մարդիկ՝ թե՛ նախկին երկու նախագահների օրոք էլ պաշտոններ զբաղեցրածներ, թե՛ 98-ի հայտնի դեպքերի մասնակիցներ: Հասկանալի էր, որ այնտեղ  չէր կարող ընդհանուր նպատակ կամ այդ նպատակին հասնելու ընդհանուր գիծ լինել, որովհետեւ ամեն մեկն իր գաղափարն ու սկզբունքներն ունի, եւ ամեն մեկը փորձում է իր տեսակետն առաջ տանել, իր ես-ը ներկայացնել: Պարզ էր նաեւ, որ կլինեին «մուտիլովկաներ», խանդի տեսարաններ, մարդիկ, ում դուրն, օրինակ՝ Արարատ Զուրաբյանը՝ քաղաքական գործչի իր ավելի բարձր վարկանիշով, դուր չէր գալիս»:

Մեր հակադարձմանը, թե՝ այդուամենայնիվ,  2008-2010թթ.-ներին ՀԱԿ-ում նորմալ գործընթացներ էին գնում, 2008-ից մինչեւ հիմա էլ, գոնե առերեւույթ, ՀԱԿ-ի նպատակները չեն փոխվել՝ սահմանադրական կարգի վերականգնում ու իշխանափոխություն, Սիրունյանը չհամաձայնեց. «Եթե ամեն ինչ այդքան նորմալ լիներ՝ չէր պայթի: Ուրեմն՝ նորմալ չի եղել, ձեւական բնույթ է կրել: Իսկ նպատակները եթե իսկապես դրանք էին՝ սահմանադրական կարգի վերականգնումն ու իշխանափոխությունը, թո՛ղ վերականգնեին, իշխանափոխություն անեին: Ոչ մեկն իրենց ձեռքը չէր բռնել, եթե, իհարկե, նպատակը միայն դա է եղել»:

Կասկածո՞ւմ եք, որ դա է եղել: «Համենայնդեպս, հիմա կասկածում եմ, որ նպատակը միայն դա է եղել: Այդ դեպքում բոլորը պիտի ընտրեին մի գիծ ու դրանով առաջ շարժվեին: Փաստորեն չեն կարողացել դա անել, որովհետեւ ամեն մեկը յուրովի է պատկերացրել այդ սահմանադրական կարգի հաստատումն ու իշխանափոխության հասնելը»:

Թե ինչո՞ւ են ՀԱԿ-ականները հիմա նորից հիշել ավելի քան 3 տարվա վաղեմության եւ իրենց իսկ կողմից ժամանակին քաջ հայտնի «փաստերն» ու մեղադրանքները, ըստ Սիրունյանի, պայմանավորված է քաղաքական ինչ-ինչ պրոցեսներով: «Կարծում եմ՝ այստեղ խանդի գործոնն էլ կա: ՀԱԿ-ում փորձում են վարկաբեկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լիդերներին՝ երեւի մտածելով, թե հնարավոր է, որ այդ կուսակցությունում հավաքված այն կարող ուժերը, որոնք 2008-ին կազմակերպել էին Տեր-Պետրոսյանի ընտրությունները, եղել էին նախընտրական շտաբների ղեկավարներ, ակտիվիստներ, ու հիմա  իրենց տեսակետներով համաձայն չլինելով Կոնգրեսի գործողությունների հետ՝ առաջիկա ընտրություններում նրանցից ձայներ «խլեն», ու սկսել են նրանց դավաճանության մեջ մեղադրել»,- կարծիք հայտնեց ո՛չ ՀԱԿ-ի համակիր եւ ո՛չ էլ ՀՀՇ-ի կամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Սուրեն Սիրունյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031