Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Օրինաց երկիրը» վաղուց դիակ է

Դեկտեմբեր 21,2011 15:01

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Պետրոս Մակեյանի կարծիքով, անցնող տարում իշխանությունները շարունակեցին աճպարարությունը եւ եկող տարի մեծանալու է ատելությունը վարչախմբի հանդեպ. «Մարտի 1-ի պատվիրատու իշխող կոալիցիան փաստացի գոյություն չունի՝ Դաշնակցությունը դուրս է եկել, «Օրինաց երկիրը» վաղուց դիակ է»: Այս ամենի արդյունքում, ըստ Մակեյանի, ունենք հույս ու հավատը կորցրած հասարակություն եւ նման տրամադրություններով մուտք ենք գործում 2012 թվական: Նման տեսակետ քաղաքական գործիչը հայտնեց այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի կողմից կազմակերպված ամփոփիչ հանդիպման ժամանակ:

Ի տարբերություն Մակեյանի, ԱԺ Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի՝ 2012-ից սպասելիքները լավատեսական են: Ըստ նրա, 2011-ը ներքաղաքական առումով հանդուրժողականության, միասնության տարի էր: Ըստ Հանրապետական պատգամավորի, փաստ է, որ հանրապետությունում սոցիալական խնդիրներ կան, բայց դրանք «իրենցից սոցիալական պրոբլեմ չեն ներկայացնում» եւ վարվող տնտեսական քաղաքականության հետեւանքով հնարավոր կլինի ժամանակի ընթացքում լուծել: «2011 թվականին մեզ հաջողվեց զսպել գնաճը, հասնել 2008 թվականի տնտեսական արդյունքներին՝ նույնիսկ մի փոքր ավելացնելով այն: Որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ չի կարող հերքել, որ ժողովրդի ավանդները բանկերում  աճեցին 37 տոկոսով, ավանդատուների թիվը կրկնակի ավելացել է»,- ասաց Գ. Մելիքյանը:

Մակեյանի պնդմամբ, Հայաստանում աղքատների թվաքանակն ավելացել է 270 հազարով, հարուստները գերհարստացել են, աղքատները շարունակել աղքատանալ. «Հարուստների եւ աղքատների միջեւ անդունդն ավելի է խորացել, որը ցանկացած պահի կարող է հանգեցնել լրջագույն ցնցումների»:

Գ. Մելիքյանը հավաստիացրեց, որ առաջիկայում՝ մինչ այժմ տեղի ունեցած ընտրությունների մեջ, ապահովվելու են լավագույն խորհրդարանական ընտրություններ: «Կոալիցիան գործում է համաձայն գործող կոալիցիոն հուշագրի, որեւէ քաղաքական հուշագրից հրաժարվելու մասին հայտարարություն չի եղել եւ չի պատրաստվում անելու՝ համենայնդեպս դա է վկայում կոալիցիոն քաղաքական ուժերի կողմից վերջին քաղաքական հայտարարությունները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքներին, ըստ Հանրապետական պատգամավորի, դրանք տարվա ընթացքում ունեին մարման միտում. «Ժողովուրդն իրոք քաղաքականապես հասունացավ, եւ հասկացավ, որ միտինգներով չէ, որ որոշվելու է ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության խնդիրները»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031