Սյունիքի մարզպետը շաբաթ կիրակի օրերին Քաջարանց գյուղ այցելած բնապահպաններին դիմավորել է շքախմբով ու սպառնալիքներով: Այսօր «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ բնապահպան Մարիամ Սուխուդյանը պատմեց գյուղ կատարած այցելությունից. «Մարզպետն ասում էր՝ ալաբուլա եք աչքիս երեւում, ձեր վերջը վատ կլինի, տո դուք ո՞վ եք»:
Մ. Սուխուդյանի պատմելով, իրենք Քաջարանց գյուղից բացի՝ այցելել են մարզի մնացած 4 գյուղերը եւս, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերը կառավարության վերջին որոշմամբ համարվել են արդյունաբերական նշանակության, ու հաջորդ տարվա հունվարի 1-ից նախատեսված են օգտագործվել որպես հանք:
Քաջարանց գյուղ այցելած ակտիվիստ Հասմիկ Էվոյանն էլ նշեց, որ Քաջարանցը սահմանամերձ գյուղ է՝ սահմանից 8 կմ հեռավորության վրա: Արդեն շահագործվող պղնձամոլիբդենային հանքը, որն ուզում են ընդլայնել՝ հենց գյուղի բերանին է. «Ամեն օր պայթեցումններ են տեղի ունենում: Գյուղը ոնց որ աղետից տուժած լինի, ամբողջովին ծխի մեջ կորած: Սոցիալ-տնտեսական խնդիրներից բացի՝ մեծ էին բնապահպանական խնդիրները»:
Մ. Սուխուդյանն էլ հավելեց, որ հանքի ընդլայնման նպատակով փորձեր են արվում քանդել նաեւ գյուղի գերեզմանոցները. «Տոնավաճառի խոսակցություն են տանում: Բնակիչները պատմում էին, որ մարզպետարանից ամեն օր իրենց զանգում ու հարցնում են՝ ի՞նչ արժեն ձեր մեռելները, ձեզ ինչքա՞ն տանք, որ ձեն չհանեք»:
Կարդացեք նաև
Մ. Սուխուդյանն այն տպավորությունն է ստացել, որ Սյունիքի մարզպետը կառավարության որոշմանն ընդհանրապես ծանոթ չէր. «Թյուրիմացության մեջ էր փորձում գցել մարդկանց: Միայն Քաջարանց գյուղում շահագործման է հանձնվել 180 հա , մինչդեռ մարզպետն ասում էր, թե ընդամենը 50 հա տարածք է: Կառավարությունն այս որոշմամբ դատարկում է սահմանները, ցեղասպանություն է անում, զինվորն ուժեղ է, եթե հետեում գյուղ կա կանգնած, բայց գյուղը դատարկում են»:
Հ. Էվոյանն էլ պատմեց, որ մարզի մնացած գյուղերում էլ քաջարանցիներից ոչ պակաս խուճապի մեջ էին գյուղացիները. «Այդ 5 գյուղերի հողերը հանրային շահ են ճանաչվել, բայց չեմ տեսնում հանրային շահը: Ո՞ւմ են պետք հանքից ստացվող բնօգտագործման վճարները, եթե գյուղում չկա դպրոց: Առողջապահական կենտրոնները , ճանապարհները բարձիթողի վիճակում են, եւ դրան զուգահեռ՝ մարդկանց իրավունքները խախտված»:
Բնապահպանները խնդրի մասին տեղեկացրել են նաեւ Գերմանիայի դեսպանին ու խնդրել օգնություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ