Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարություն Առաքելյանի 5-րդ ֆաքսը վարչապետին

Դեկտեմբեր 21,2011 11:56

Պարոն վարչապետ, ինչպես որ նախորդ «ֆաքսում» խոստացել էի հաջորդ բաց «ֆաքս-5»-ի միջոցով անդրադառնալու եմ «Նաիրիտ» գործարանի արհեստականորեն ուռճացված աշխատակազմին` այսինքն` վերջին տարիներին արտադրանք չտվող գործարանի ուռճացված աշխատավարձի հիմնադրամին, հետևաբար կատարում  եմ խոստումս և ներկայացնում ուսումնասիրություններիս արդյունքները, որոնք նորից լավ բանի մասին չեն «խոսում»:

Առաջ անցնելով նշեմ, որ իմ պարզ ուսումնասիրությունները ստիպում են հանգել այն եզրակացության, որ մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացվել է կանխամտածված սնանկացման տանող գործառույթներ` չխորշելով հազարավոր  մարդկանց  գործազուրկ  դարձնելու  դաժան  հեռանկարից:

Անկեղծ ասած, երբ 2011 թվականի հունիս ամսին ողջ պատասխանատու մամուլը լեցուն էր «Նաիրիտ»  գործարանի գլխավոր  տնօրենին փոխելու մասին տեղեկատվությամբ, որտեղ նշվում էր, որ  այդ  պաշտոնին նշանակվել Հ. Հախինյանը` ուրախություն  ապրեցի: Քանի որ նա համարվում էր «Նաիրիտ» գործարանի երկարամյա աշխատակից, շատերիս մոտ հույս արթնացավ, որ կփոխվի «Նաիրիտի» կառավարման և ղեկավարման առկա քաղաքականությունը: Բայց անցած վեց ամիսները ցույց տվեցին, որ ոչինչ էլ չի փոխվել` դեռ խորացել են խնդիրները և առջևում նորից անորոշություն է: Սրան եթե ավելացնենք, որ ամենահասարակ որոշումներ կայացնելուց առաջ ներկայիս  գլխավոր տնօրենը «վազում է» Տերյան փողոցի վրա գտնվող իր օֆիսում ծվարած նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի մոտ,  «դաբռո» ստանում և նոր է «կայացնում» որոշում, ապա պատկերը ամբողջանում է` շարունակվում է նույն անպտուղ գործելաոճը:

Որպես ասվածի ապացույց իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006-2007թթ. «Նաիրիտ»  գործարանում աշխատում էր 2100 աշխատակից, որոնց  աշխատավարձի ֆոնդը կազմում էր 160 միլիոն դրամ: Նշված շուրջ 2100 աշխատակցից 1400-ը զբաղված էր արտադրությունով, իսկ նրանց աշխատավարձի ֆոնդը կազմում էր մոտ 100 մլն դրամ: Մնացած 700 աշխատակիցը զբաղված էր ձեռնարկության սպասարկման և ղեկավարման հարցերով ու ստանում էր  60 մլն դրամ աշխատավարձ: Այդ ժամանակ գործարանը ղեկավարում էին մեկ գլխավոր տնօրենն ու նրա երեք տեղակալները: Իսկ ամսական արտադրանքը կազմում էր շուրջ 700 տոննա պատրաստի կաուչուկ` իր հարակից արտադրատեսակներով հանդերձ:

2010  թվականից  մինչև  այսօր  գործարանում  աշխատում  է  շուրջ  3000  մարդ, որոնց աշխատավարձի  ֆոնդը  կազմում  է  արդեն  560  միլիոն  դրամ,  որից  շուրջ  1400  բարիք  ստեղծող  աշխատակիցները  ստանում  են  120 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ  իմ  նշած  սպասարկման ոլորտի 700 աշխատակիցները ստանում են մոտ 100 միլիոն դրամ աշխատավարձ: Մնացած` արտադրության հետ կապ չունեցող «նորաթուխ» «ձրիակերների» աշխատավարձի  ֆոնդը  պարապուրդի ժամանակահատվածում  կազմում  է  340  միլիոն  դրամ:

Ինձ  զարմացրեց  այն  փաստը,  որ Հախինյանը հանդիսանալով «Նաիրիտի»  երկարամյա ղեկավար աշխատակից,  քաջատեղյակ էր «ձրիակերների» անիմաստ ուռճացումից և 2010  թվականի  փետրվարից  առկա  պարապուրդի պայմաններում տրամաբանությունը թելադրում  էր  ազատվել  բարիք  չստեղծող  900 «ադմինիստրատիվ»  աշխատակիցներից:  Քանի  որ նմանատիպ քայլը կբերեր ամսական  նվազագույնը  300  միլիոն  դրամի  խնայողության: Սակայն ստացվում է, որ նորից անիմաստ է դառնում «Նաիրիտի» հանդեպ իրականացվող ղեկավարման քաղաքականության մեջ բիզնեսի օրենքների տրամաբանություն փնտրելը: Իմ զրույցները գործարանի աշխատակիցների հետ ստիպում  են  գալ  այն  եզրահանգման,  որ  գլխավոր տնօրենի փոփոխությունն ամենևին էլ միտված չէր գործարանի առողջացմանը  և  900 հոգանոց «ձրիակերների» բանակը խժռում է աշխատավարձի ֆոնդի 60 տոկոսից առավել գումար: Հախինյանի նշանակումից հետո ընկած ժամանակահատվածում վճարվել է շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ եթե ժամանակին կատարվեին անհրաժեշտ կրճատումները, ապա խնայված գումարը կբավարարեր ներկայիս աշխատավարձի պարտքը ամբողջությամբ մարելու համար:

Հարց 1.

Պարոն  վարչապետ,  դուք   «Նաիրիտ»  գործարանի  պետական  10  տոկոս  բաժնետիրոջ իրավունքով  հետաքրքրվե՞լ  եք,  թե  ինչո՞ւ  պետական  բյուջեից աշխատավարձ ստացող ձեր ֆինանսիստները չեն զբաղվել վերը նշված շատ պարզ ուսումնասիրություններով: Իսկ եթե զբաղվեին իրենց պարտականություններով, հնարավոր  կլիներ  Հախինյանի  «տնօրինության»  ժամանակահատվածում խնայել շուրջ 6 միլիոն դոլար, այսինքն` աշխատավարձի պարտք այսօր գործարանը չէր ունենա:

Հարց 2.

Արդյոք չիրականացված անհրաժեշտ կրճատումները չե՞ն խոսում այն մասին, որ ձրիակերների  շարքում  կարող  էին  հայտնվել բազմաթիվ «ադմինիստրատիվ» օժանդակ աշխատակիցներ,  որոնք  «ընդունվել են»  2007 թվականից հետո և մինչ օրս պարապուրդի  մատնված  գործարանում ստանում են ՀՀ նախագահից շատ ավելի բարձր աշխատավարձ: Ճի՞ շտ է, արդյոք, իմ ուսումնասիրությունների արդյունքում ստացված  տեղեկությունները, որ ներկայումս պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանի առկայության  պարագայում   գլխավոր  տնօրենի  10  տեղակալները  միասին  վերցրած  ամսեկան  ստանում են շուրջ  35  միլիոն  դրամ  աշխատավարձ  (ձեր հարազատ եղբայրը ներառյալ):

Հարց 3.

Արդյոք  աբսուրդի  թատրոն  չի՞  հիշեցնում  այն  փաստը,  որ  կյանքի  համար  թունավոր  արտադրամասերում  աշխատող  բանվորները  անվերջ  պահանջում  են իրենց  չնչին  աշխատավարձերը,  իսկ  արդյունքում  շահում  են  արտադրության հետ կապ  չունեցող` գործարանի  ապագայի  հանդեպ անտարբեր «ձրիակերների»  մեծ բանակը: Եվ արդյոք սա հովանավորչություն չէ՞…

ՀՀ   քաղաքացի    Հարություն   Առաքելյան

Համատեղությամբ՝   Աշխարհասփյուռ  Ռամկավար   Ազատական

Կուսակցության   գործադիր-փոխատենապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031