Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանին Անկարայում չհաջողվեց մտնել միջազգային մրցաշարի հիմնական փուլ: Նա 2:6, 2:6 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարինա Մելնիկովային: Չնայած դրան, հայ մարզուհին իր վարկանիշային միավորներն ավելացրեց եւս չորսով եւ հաջորդ շաբաթ թարմացվելիք WTA-ի նոր ցուցակում կբարձրանա 25 աստիճան եւ կզբաղեցնի մոտավորապես 550-րդ հորիզոնականը:
Այսօր Անի Ամիրաղյանը Թուրքիայից մեկնում է Ռուսաստան, որտեղ Տյումեն քաղաքում հանդես կգա տարվա իր վերջին՝ կրկին $ 50 հազար մրցանակային ֆոնդով «Սիբիրի գավաթ» միջազգային մրցաշարում: Եվ եթե հաջողվի այնտեղ հաղթահարել որակավորման փուլը եւ գոնե եւս մեկ հաղթանակ տանել, նա 2011 թվականը կեզրափակի WTA-ի վարկանիշային ցուցակի մոտավորապես 480-րդ տեղում: Անիի մարզիչը դա միանգամայն հնարավոր է համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ