Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի նախագահը ժողովրդի հետ շփվելու որեւէ ձեւաչափում առանձնապես աչքի չի ընկել»

Դեկտեմբեր 21,2011 10:51

Մենք խնդիր ունենք մեր երկրի նախագահի մոտեցումները մե՛ր երկրում եւ պարբերաբա՛ր լսելու. բացառապես բոլոր խնդիրների, այդ թվում` ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների, սոցիալական եւ բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված նախագահի տեսակետները Հայաստանի քաղաքացիներս նախ կուզեինք լսել սեփակա՛ն երկրում եւ ոչ թե առիթից առիթ արտերկրի ամբիոններում հնչող մեր նախագահի ելույթներից տեղեկանալ: Հայ հասարակությունն ավելի վարձատրված կզգար իրեն` նույնիսկ թեկուզ վիրտուալ շփման արդյունքում իր հարցերի պատասխանները ստանալով, եւ արտերկրում հնչելիքը եթե կուզեք` նախ իր իրազեկման ճամփան անցկացնելով:

Ի՞նչ է մտածում երկրի առաջին դեմքը բանակում կատարվող միջադեպերի, ՀՀԿ ապագա ցուցակում ներգրավվելիք անձանց որակական ցուցանիշների, կոալիցիոն ձեթի շուրջը ծավալվող կրքերի, Լիսկա-Սիլվա Համբարձումյան վեճի, երկրում առկա կոռուպցիայի գոնե մի քիչ հաղթահարման անհրաժեշտության, բանակում զինվորի աչք հանող ենթասպայի աչքը եւս հանելու առաջարկի եւ այլ հարցերի մասին: Հարցեր, որ ամեն օր ամեն ոք բարձրացնում է , եւ դրա պատասխանները կուզենար ստանալ երկրի նախագահից: Մինչդեռ երկրի նախագահը ժողովրդի հետ շփվելու որեւէ ձեւաչափում առանձնապես աչքի չի ընկել, նախագահին հարց ուղղելու եւ պատասխան ստանալու դեպք, փաստորեն, որքան էլ հիշողություն լարենք, դժվար թե որեւէ մեկը կարողանա հիշել: Լավագույն դեպքում` մի քանի լրագրողի, այն էլ նախապես ճշտված հարցերին մեկ-երկու անգամ նախագահը պատասխանել է ու վերջ: Իսկ շատ ու շատ հարցերի վերաբերյալ նախագահի դիրքորոշումը Հայաստանի հասարակությունը ստանում է արտերկրի մամուլից` նրա՛նց տրված հարցազրույցներով, կամ արտերկրի ամբիոններում նախագահի հնչած խոսքից: Հեր օրհնած, ա՛յս ժողովրդի նախագահն է, ու նախ ա՛յս հասարակության առաջ առիթից առիթ պետք է տեսակետներ հայտնի մեր նախագահը, ու հետո արդեն սեփական երկրում հայտնված տեսակետը` լավ մեկնաբանված, վերլուծաբանների գնահատականներին արժանացած, արտերկիր տարվի:

Թեեւ գիտենք, որ ռուսները Պուտինին միանշանակ չեն ընդունում, սակայն եւ նա, եւ Մեդվեդեւը այս էլ քանի տարի նստում ու ժամերով սեփական երկրի քաղաքացիների հարցերին են պատասխանում` չխուսափելով ամենատհաճներից: Նույնը կուզեինք տեսնել մեր նախագահի դեպքում, քանի որ սեփական երկրի քաղաքացիների տհաճ հարցերից խուսափողը ապահովագրված չէ արտերկրից տրվող էլ ավելի տհաճ հարցերից: Կուզեինք մարդկանց շատ լայն շրջանակի` նախագահ Սարգսյանին հարցեր ուղղելու իրավունքն իրականացված տեսնել, մինչդեռ նա վաղուց փաստորեն անգամ լրագրողների լայն շրջանակի հետ չի շփվել: Նախագահական առաջին մեկ-երկու ասուլիս սկզբում էլի եղան, թեեւ լրագրողների հարցերի այդ աստիճանի նախապատրաստումը, դրանց նախագահականի թրի տակով անցկացումը, ինչպես այն ժամանակ եղավ, լրագրողների մեծ մասի համար պարզապես անընդունելի էր: Հասկանալի է, որ եթե հասարակությունը կամ լրագրողական հանրույթը շատ հարցեր ունեն, դրան կանոնակարգել պետք է` զուտ համակարգման առումով, սակայն մերոնք պետք է սովորեն ավելի ազատ աշխատել` հարցերի վերջնական ձեւակերպում պահանջելը կամ հարցերի հերթականություն սահմանելը քսանմեկերորդ դարում արդեն ատավիզմ է:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031