Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան՝ ժամը 07.30-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում «Նիսսան Սիվիլիան» մարդատար մակնիշի 015 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ» բեռնատար մակնիշի 705 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենային։
«Զիլ»-ն աղբատար ավտոմեքենա էր, որի ետևի լույսերը չէին աշխատում։ «Նիսսսան»-ի միջից ուղևորներին և վարորդին դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության մեծ թվով փրկարարներ՝ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Վաչագան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան դուրս բերել վիրավորներին։ Դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության մի քանի բրիգադներ 9 վիրավորներին տեղափոխեցին հիվանդանոցներ։
Վիրավորներն են 55-ամյա Հրաչյա Այդինյանը, 36-ամյա Աշոտ Հարությունյանը, 56-ամյա Գոհար Դիլանյանը, 25-ամյա Ջանիկ Կարապետյանը, 35-ամյա Հայկ Ավետիսյանը, 69-ամյա Վասակ Փուրթոյանը, 31-ամյա Անդրեյ Խաչատրյանը, 25-ամյա Խաչատուր Մարգարյանը և 28-ամյա Վազգեն Մխիթարյանը:
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ։ Ճանապարհն ամբողջությամբ սառցակալած էր, լցված չէին աղ և ավազ, և այդ ժամին բացակայում էր արտաքին լուսավորությունը, ինչն ավելի էր դժվարացնում բժիշկների, փրկարարների և մտահոգ քաղաքացիների աշխատանքը։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ «Նիսսան»-ը պատկանում է «Կոկա կոլա» ընկերությանը, որն աշխատակիցներին էր տեղափոխում։
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ