ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում դեկտեմբերի 19-ին հանձնվեցին Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի (Galilean Teachers Training Program, GTTP) առաջին հավաստագրերը: Հավաստագրերի արժանացան աստղագիտության ուսուցիչներ Մարիետա Գյուլզադյանը (Ֆիզ.-մաթ. դպրոց) և Տիգրան Նազարյանը («Քվանտ» վարժարան), որոնք էլ հռչակվեցին Հայաստանի առաջին Գալիլեյան ուսուցիչներ: Ըստ նշված միջազգային ծրագրի, այդ կոչմանն արժանանում են նորարարական մեթոդներով աստղագիտություն դասավանդող ուսուցիչները, որոնք նաև նպաստում են այդպիսի մեթոդների տարածմանը և այլ ուսուցիչների վերապատրաստմանը: Այդպիսի վերապատրաստման մեկօրյա դասընթաց 2010թ. ամռանը կազմակերպվեց Բյուրականի աստղադիտարանում: Մարիետա Գյուլզադյանն ու Տիգրան Նազարյանը վերջին տարիներին նաև եղել են աստղագիտության միջազգային օլիմպիադաների մասնակից հայկական թիմի ղեկավարները և մեծ դեր են խաղացել հայ պատանիների հաջողություններում: Հիշեցնենք, որ Մարիետա Գյուլզադյանը միաժամանակ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից է, իսկ Տիգրան Նազարյանը` ասպիրանտ:
Հայկական աստղագիտական ընկերություն