Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարգադրել է Ռուսաստանի իշխանություններին վճարել ավելի քան 1,3 միլիոն դոլար կազմող գումար՝ Ռուսաստանի հատուկ ուժերի կողմից 2002 թվականին Մոսկվայի թատրոններից մեկում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած գրոհի իրականացման ընթացքում տուժած մարդկանց և զոհվածների հարազատներին:
Ստրասբուրգից գործող Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն, 2002 թվականի հոկտեմբերի 26-ին Դուբրովկայի թաթերական կենտրոնը «Նորդ-Օստ» երաժշտական բեմադրությունն ունկնդրելու նպատակով այցելած մարդկանց թվից 130-ի մահը վրա է հասել Ռուսաստանի իշխանությունների մեղավորությամբ: Այսպիսով, դատարանի որոշման համաձայն, Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ պատանդներին փրկելու համար նախատեսված գործողության վատ ծրագրավորման և իրականացման պատճառով:
Հիշեցնենք, որ 2003 թվականին 64 հայցվոր՝ ահաբեկչական հարձակումից տուժածներն ու զոհվածների հարազատները, համատեղ հայցով դիմել էին Ստրասբուրգի դատարան:
Եվրոպական դատարանի դատավորները հաստատել են, որ Ռուսաստանի ուժային կառույցները և անվտանգության այլ ծառայությունների աշխատողները բավարար ժամանակ ունեին 912 պատանդին փրկելու նպատակով գործողություն ծրագրելու համար:
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունում նշվել է նաև, որ Ռուսաստանի իշխանությունները «չեն գործադրել բավարար ջանքեր՝ զոհերից խուսափելու կամ զոհերի թիվը նվազեցնելու նպատակով ահաբեկիչների հետ արդյունավետ բանակցություններ վարելու համար»:
Դատարանը շեշտել է, որ այդ ժամանակ Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը բազմիցս հանդես էին եկել հայտարարություններով, որտեղ նշել են, որ «չեն նախատեսում ահաբեկիչների հետ բանակցություններ վարել»:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան