Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանի թիկնապահներին դանակահարողը հիվա՞նդ է ու բանակին` ոչ պիտանի՞

Դեկտեմբեր 20,2011 20:52

Հայտնի է, որ Շիրակի մարզում դեռ դատում են  ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ  Սամվել Բալասանյանի  որդու` Միսակի երկու թիկնապահներին դանակահարողին:

Այս տարվա փետրվարին Բալասանյաններին պատկանող Գյումրու գարեջրի գործարանի դիմաց արյունալի կռիվ էր տեղի ունեցել, լաբորատորիայից կատարված գողության համար ծեծել ու աշխատանքից վռնդել էին գործարանի  բանվորներից մեկին` Ալբերտ Սահակյանին, ով էլ, իր թասիբին  կանգնելու համար, օգնության էր կանչել  եղբայրներին: Նրանցից մեկը` 25-ամյա Արմենը,  բորբոքվելով ու «ռազբորկայի» մեջ մտնելով Բալասանյանի որդու թիկնապահներ Արթուր Առաքելյանի ու Վարդան Ասատրյանի հետ, դանակահարել էր նրանց. Արթուրը հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր, Վարդանի վիճակն էլ մինչև օրս ծանր է:

Դեռ 3 ամիս առաջ` դատական առաջին նիստի ժամանակ, սկանդալի  հերոսը, ինքնակենսագրական ներկայացնելիս, տեղեկացրեց, որ  անձնագիր չունի և չի ծառայել հայոց բանակում: Այսօր նախատեսված էր ավարտել դատական նիստը, պաշտպանական ճառերի օր էր, սակայն  Սահակյան եղբայրների փաստաբանը` Թամարա Յայլոյանը,  իր միջնորդությամբ դարձյալ հետաձգեց: Նա դատարանին հայտնեց, որ Արմեն Սահակյանը ոչ թե բանակից խուսափել է, ինչպես որ ի սկզբանե կասկածում էին դատախազներն ու դատավորը, այլ  բանակ չի գնացել հիվանդության,  զինծառայությանը պիտանի   չլինելու պատճառով: Եվ քանի որ սա քրեական պատիժը մեղմացնող լուրջ փաստարկ է, փաստաբանը միջնորդություն ներկայացրեց դատն ավարտել ու վճիռ կայացնել ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելուն  պես: Սա զայրացրեց դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանին, ով նկատողություն արեց փաստաբանին. «Քանի՞ ամիս է դատը գնում է, կրակն ընկա՞նք, փաստաթղթի մասին շուտ մտածեիք»:

Այդուհանդերձ երիտասարդ տղային մի շաբաթ  հնարավորություն տրվեց հայթայթել այն փաստաթուղթը, որը կմեղմացնի իր պատիժը: Հիշեցնենք, որ մանկահասակ երեխաների հորը  մարդասպանության համար սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031