4-ամյա Մանեն Ձմեռ պապիկից տիկնիկ չի ուզում, շատ ունի, «Կամպյուտր է» ուզում: Նամակ է գրել, ոչ մեկին ցույց չի տալիս «Ձմեռ պապին գիշերն ա գալիս, նամակը կարդում ա, գնում, խանութից նվերը առնում»,- բացատրում է Մանեն: Չի մոռացել՝ քույրիկի համար էլ մի բան ցանկանա. «Անիին էլ թող կանֆետ բերի»,- ասում է նա:
3-ամյա Լիլիթն էլ մայրիկին ասել է՝ Ձմեռ պապիկին փոխանցի, որ «ապերին» ավտո բերի: «Ես էլ աղջկա ավտո եմ ուզում, թող դրանից բերի»,- հայտարարել է Լիլիթը: 5-ամյա Կոլյան էլ է ցանկանում ավտո ունենալ. «Մե՜ծ ավտո, պապաինիս նման»,- ասում է նա, Ջմեռ պապիկին էլ նամակ չի գրել, վրդովվում է. «Ես փոքր բալիկ եմ, տառերը չգիտեմ»:
4-ամյա Միլենեն տեսել է Ձմեռ պապիկին. «Մեծ էր, փափուկ»,- ասում է նա: Որոշել է այս տարի չքնել, ուզում է նորից տեսնել, նամակ էլ գրել է, մայրիկն է օգնել. «Լվացքի մեքենա եմ ուզել, որ տատիկիս շորերը լվանամ»,- ասում է նա:
Փոքրիկ Արսենն էլ գիտի՝ Ձմեռ պապիկը գնացք է բերելու իրեն, անցած տարվանից է խոստացել: «Այս տարի կկատար իմ խոստումը: Ասում է տեսել է Ձմեռ պապիկ, բայց իսկական չէր. «ի՜, նիհար էր», իրեն իսկական Ձմեռ պապն է նվեր բերելու, ցուրտ տեղից է գալու, հետն էլ ձյուն է բերելու:
5-ամյա Արմինեն Ձմեռ պապիկին ուղղված նամակում նշել է՝ ինքն արդեն մեծացել է, հեռախոս է ուզում, գիտի, ձմեռ պապիկն էլ չբերի, իր պապիկը կառնի. «Բացովի-փակովի եմ ուզում, կարմիր»:
5-ամյա Նարինեն էլ ոչ թե Ձմեռ պապիկին է նամակ գրել, այլ հայրիկին՝ տատիկի ձեռքով, բայց սեփական բառերով. «Պապ ջան, էս տարի ոչ մի բան չեմ ուզում, դաշնամուր, խաղալիք չեմ ուզում, ուզում եմ, որ դու գաս Ռուսաստանից, տատիկն ու ես շատ ենք կարոտել քեզ»: