Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության վերաբերյալ Հանրապետական պատգամավորի եւ հայաստանցիների կարծիքները խիստ հակասական են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2011 20:27

«2010 թվականին ժողովրդավարության առումով Հայաստանում փոփոխություններ գրանցվել են: Քաղաքականությունը, որն իրականացվել է այս տարվա ընթացքում, ապացուցում է, որ այո’, մենք մի քանի քայլ այսօր առաջ ենք նաեւ մեր Ընտրական օրենսգրքով եւ այն քաղաքականության մշակումով, որն այսօր կիրառվում է: Թե’ ընդդիմություն-իշխանություն համատեքստում, թե’ լրատվամիջոցների աշխատանքի գնահատականի առումով, թե’ դեպի եվրոպական արժեքներ քաղաքականության հիմքում իրականում գնահատականը շատ ավելի բարձր է, քան տվել է «Էկոնոմիստը»,- անդրադառնալով բրիտանական հանդեսի ՝անցյալ շաբաթ ներկայացրած նոր զեկույցին,  Aravot.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ նշված զեկույցում Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքում։ Այդ երկրներում, ըստ «Էկոնոմիստ»-ի, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաեւ լրագրողների նկատմամբ հալածանքները, դատական համակարգն անկախ չէ:

Կ. Ավագյանի համար Հայաստանին հիբրիդային երկրների շարքում դասելն ընդունելի չէ. «Ավելի շատ կնախընտրեի անցումային շրջաններին բնորոշ պետությունների գնահատականը: Զեկույցում առանձին կար նաեւ ավտորիտար երկրների շարք, որում, բարեբախտաբար, Հայաստանը չի ընկել»:

Հանրապետական պատգամավորը հավաստիացնում է, որ ապագայում Հայաստանում անցկացվելու են ժողովրդավար եւ թափանցիկ ընտրություններ. «Նախորդ ընտրությունների գնահատականը տվել են բոլոր միջազգային կառույցները, եւ գնահատականը իրականում եղել է շատ բարձր: Եզրակացություններում ներկայացվել է, որ մի քանի քայլ առաջ է ամբողջ ընտրական պրոցեսում, ավելի ժողովրդավար, թափանցիկ ու տեսանելի: Այն ժամանակ ես չեմ հիշում, որ «Էկոնոմիստը» գնահատած լինի մեր ընտրությունները»:

Ի տարբերություն Հանրապետական պատգամավորի լավատեսական տեսակետների, Aravot.am-ի փոքր հարցումը մեր համաքաղաքացիների շրջանում հակառակ պատկերն արձանագրեց:  Հարցվածները կարծում են, որ զեկույցը հայաստանյան իրականությունը մեղմ է ներկայացրել, որ մեր երկրում ժողովրդավարություն չկա, ընտրությունները կեղծվել ու կեղծվելու են, մարդկանց իրավունքներն էլ շարունակելու են խախտվել:

Տեսակետներն ու մեկնաբանությունները՝ տեսանյութում:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031