Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախնիները չեն լքել հայրենիքը, նա էլ չի պատրաստվում

Դեկտեմբեր 20,2011 18:38

 

«Դեռ մանկուց` մութ ու ցուրտ տարիներին, հայրիկս, կիթառ նվագելով, երգում էր Չելենտանոյի երգերը և այնքան նմանություն ուներ նրան, որ ես մտածում էի, թե Չելենտանոն իմ հորեղբայրն է», -ասում է 23- ամյա Արմինե Հովհաննիսյանը:

Նա ևս փոքրուց ունեցել է երգելու շնորհ, բայց համարելով, որ դա հեռանկարային չի լինի որպես մասնագիտություն, որոշել է սովորել լեզուներ և ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզբվաբանական համալսարան: Չի դադարել սիրել երգը, երգել է «Սպայի  տանը», մի քանի անգամ բարձրացել բեմ, բայց հետո չի շարունակել: Հետագայում սկսել է երգել հոգեւոր երգեր` Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում: Դարձել է «Երիտասարդաց միության» անդամ: Այժմ այնտեղ նաև պատի  թերթի պատասխանատուն է: Համալսարանն ավարտելուց հետո Արմինեն նաև թարգմանություններ է անում, ունի աշակերտներ, որոնց հետ պարապում է օտար լեզուներ, այժմ էլ աշխատում է Զանգակատուն բարեգործական հասարակական կազմակերպությունում` որպես սոց-մանկավարժ: Արմինեն ասում է, որ Սոցիալական ոլորտում աշխատելը շատ դժվար է, քանի որ մարդ  գործ ունի կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, երբեմն բռնության ենթարկված և օգնություն ակնկալող մարդկանց հետ: «Դա այն  աշխատանքը չէ, որի ավարտից հետո փակում ես դուռը ու մոռանում այդ խնդիրների մասին: Դու անընդհատ մտածում ես դրանց մասին, լինում  հետևողական և աղոթում, որ աշխատանքիդ արդյունքում լուծվեն այդ խնդիրները: Երբեմն զգում ես, որ ուժերդ սպառվում են: Ժամանակ է եղել՝ ցանկացել եմ թողնել աշխատանքս, բայց ի վերջո նոր ուժ եմ գտել իմ մեջ ու շարունակել: Զանգակատանը, աշխատելով  երեխաների հետ, շատ եմ կապվել նրանց, նրանք էլ ինձ:  Ես հիշում եմ, թե ինչպես վերջերս նրանք իմ ծննդյան տոնի առթիվ, մի քանի օր պատրաստվել էին,  ինձ անկանկալ մատուցել: Նրանք  իրենց ձեռքերով պատրաստել էին զարդարված, գունավոր բացիկներ`  ջերմ բարեմաղթանքներով: Երեխաներն անչափ հետաքրքիր էակներն են, զարմանալի, երբեմն  էլ անսպասելի դրսևորումներով»:

Արմինեն ազատ ժամանակ սիրում է նվագել դաշնամուր, կիթառ , նկարում է, հատկապես դիմանկարներ, և իր գործերից ամենահաջողվածը համարում է իր եղբոր դիմանկարը:

Արմինեն հայրենասեր  մարդ է: Ասում է, որ երբեւէ չէր լքի իր հայրենիքը, եթե անգամ այլ երկիր էլ գնար` ապա միայն կրթությունը շարունակելու, նոր մշակույթ ուսումնասիրելու և վերադառնալու ակնկալիքով:

«Ինքս արմատներով Զեյթունից եմ,- ասում է Արմինեն,-Մորական կողմս` Գարանֆիլյանները, հայտնի են որպես արվեստագետներ, անգամ գիրք է գրվել այդ մասին, որը կոչվում է «Արծվանիստ Զեյթուն»: Մորս պապիկը` Դովլաթ Գարանֆիլյանը զբաղվել է գորգագործությամբ և առաջինն է, ով կարողացել է  դիմանկարներ ստանալ գորգերի վրա: Հորական կողմս նույնպես Զեյթունցիներ են` Ավանյանները, եղեռնից մազապուրծ եղած և հայտնի որպես հերոսամարտիկներ: Եթե իմ նախնիները չեն  լքել իրենց հայրենիքը, ես եւս չեմ պատրաստվում: Մենք չեն ընտրում մեր հայրենիքը, ինչպես չենք ընտրում մեր ծնողներին»,- ասում է:

 

                                                                                                                             Լիլիթ Շարբաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031