Ուսումնական հաստատություններում հերթական քննական շրջան է: Ուսանողները «քաոսի» մեջ են. ոմանք անհանգիստ են սպասվող քննությունից, ոմանք էլ մտահոգված՝ նախորդ շաբաթվա քննությունների արդյունքներից: Մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Անժելա Գրիգորյանը խոստովանեց, որ երբեմն դիմում է ծածկագրերի օգնությանը: «Շպարգալկաներից միշտ չէ, բայց երբեմն օգտվում եմ: Օգտվելուց վախեցել եմ ոչ այնքան բռնվելուց, որքան նկատողություն ստանալուց»,-ասում է նա: Անժելան համոզված է, որ չկա այնպիսի ուսանող, ով երբևէ օգտված չլինի ծածկագրերից, ինչպես ինքն է ասում «Դա էլ իր հետաքրքրությունն ունի»:
Ագրարային համալսարանի ուսանողներ՝ Արտյոմ Գրիգորյանը եւ Արտակ Ասատրյանը, քննության մասի տեղեկանում են հենց այդ օրը: «Միշտ չէ, բայց հիմնականում այդպես է»,-ասում է Արտյոմը, իսկ Արտակը կողքից ավելացնում է. «Աղջիկների ջանը սաղ լինի. իրենք մեզ միշտ պադերժկա են անում»:
Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի բաժնի դասախոս Մովսես Գասպարյանն իր ուսումնառության տարիներին նման ծածկագրերի կարիք չի զգացել: «Մեր կուրսը ունիկալ էր: Յուաքանրյուրն իր մտքերով, գաղափարներով: Դրա կարիքը չի էլ զգացվել, իսկ իմ ուսանողները ծածկագրերի օգնությանը դիմել պարզապես չեն կարող, քանի որ նախօրոք չեն իմանում, թե ինչ են գրելու. յուրաքաչյուրի աշխատանքը անհատական է: Այն առարկան, որը ես եմ դասավանդում ինձ տալիս է այդ հնարավորությունը»,-ասում է նա:
ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Հռիփսիմեն իր ուսումնառության ընթացքում միայն մեկ անգամ է դիմել ծածկագրի օգնությանն, որն էլ հաջողությամբ չի պսակվել: «Ոչ թե ծածկագիր էր, այլ տեղը տեղին 100 թերթանոց տետր: Առաջին կուրսում էի սովորում, 2009 թվականին, հունվարի բանավոր քննություններն էին: Առաջին քննությունս էր, սարսափելի վախեցած էի, թվում էր՝ ոչինչ չէի հիշում. սևագրի թուղթ վերցնելիս հետս վերցրի նաև տետրս, որի մեջ մշակել էի պատասխանները և առաջինը մտա քննության»,-պատմում է Հռիփսիմեն: Հարցաշարում ընդգրկված երեք հարցերից մեկը չկարողանալով հիշել, դիմում է տետրի օգնությանը: «Դասախոսս նկատեց, որ ինչ-որ բանից օգտվում եմ, ու անմիջապես անբավարար նշանակեց՝ թողնելով լուծարքի: Սարսափելի վատ էի, ինձ էի մեղադրում, կուրսընկերներս փորձում էին օգնել, միջնորդել: Մինչև վերջին պահը հույս ունեի, որ նորից կքննի: Հիշում եմ, որ ողջ ընթացքում մտածում էի թե ինչ եմ ասելու տնեցիներին»,- ասում է Հռիփսիմեն: Սակայն ընտանիքը նրա կողքին է լինում և հորդորում լավ պատրաստվել լուծարքին: Հիշում է հատկապես տատիկի խոսքերը.«Ամեն ինչ ուսանողի համար է: Այդպես էլ է պատահում»,-ասում է նա:
Քրիստինա Միրզոյան