Ինչպես տեղեկացրել ենք, երեկվանից Գյումրիում սկսվել է շուրջօրյա դատավարություն՝ ճանաչված բժշկուհի, «Էնրիկո Մատտեի» անվան պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանի գործով:
Մոտ 9 ամիս է` երիտասարդ տիկինը գտնվում է Աբովյանի կանանց գաղութում. նրան մեղադրում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ. խոշոր չափի կաշառք վերցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, կեղծ հաստիքներ պահելու, դրամահավաքությամբ զբաղվելու, բուժաշխատողներին հիվանդ ձեւացնելով ու նրանց համար կեղծ բյուլետեններ ձեւակերպելով՝ 1 302 444 դրամ գումարի սոցվճարից խուսափելու մեջ:
Դատարանը 77 տուժողի լսելուց հետո, երկու օր է `լսում է վկաներին, որոնք թվով 17-են: Վկաների ցանկում ընդգրկված է նաեւ Տաթևիկ Փանոսյանի նախկին ամուսինը՝ մասնագիտությամբ դարձյալ անոթաբան Արթուր Հարությունյանը, ով եւս հայտնվել է կնոջ «լեւի» հաստիքացուցակում: Ըստ քրեական գործի, Տաթեւիկ Փանոսյանը նրան ձեւակերպել է որպես անոթաբան ու աշխատավարձը գրպանել է: Սակայն այսօր Արթուր Հարությունյանը դատարանում հայտարարեց, որ ինքը նախկին կնոջ հիմնարկում չի աշխատել ու աշխատավարձ չի ստացել:
Քանի որ ամուսինը հաճախակի էր կրկնում, թե կնոջ գործերից տեղյակ չէ՝ Տաթեւիկ Փանոսյանը հարցրեց. «Գոնե երեխայիդ կոնֆետի փողից տեղյա՞կ ես», որին նախկին ամուսինն այսպես արձագանքեց. «Թույլ տվե՞լ ես, որ տեղյակ լինեմ»: Տիկինն իր հերթին ամբաստանյալի աթոռից բղավեց. «Եթե թույլ չեմ տվել, ուրեմն արժանի չես»:
Կարդացեք նաև
Նշենք, որ նրանց անչափահաս դուստրն այժմ Տաթեւիկ Փանոսյանի ծնողների խնամքի տակ է. նրանք եւս Գյումրիում հայտնի բժիշկներ են. հայրը` Գերման Փանոսյանը մասնագիտությամբ պրոկտոլոգ է, իսկ մայրը` Սուսաննա Քինակցյանը, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, եղել է այդ նույն պոլիկլինիկայի երկարամյա տնօրենը, այնուհետեւ Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի խորհրդականը:
Պոլիկլինիկայի աշխատակիցների ասելով, Սուսաննա Քինակցյանը պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից թոշակի գնալով ու Լիդա Նանյանի խորհրդականը դառնալով՝ ամեն ինչ արել է իր դստերը տնօրեն դարձնելու համար: Լիդա Նանյանի օգնությամբ նա պաշտոնազրկել է Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի կադրերից մեկին` նախկին դաշնակցական Արմեն Խաչատրյանին ու նրա փոխարեն գործի դրել Տաթեւիկ Փանոսյանին:
Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ