Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քաղբանտարկյալ. ՀԱԿ-ը դեռ 2008-ին կարող էր անել իշխանափոխություն

Դեկտեմբեր 20,2011 16:33

2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ «Յոթի գործով» ազատազրկման դատապարտված եւ 2009-ին ԱԺ կողմից հայտարարված համաներմամբ ազատ արձակված նախկին քաղկալանավոր, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը, որն իր ասելով, Հայ ազգային կոնգրեսով չի հետաքրքվում եւ չի էլ ուզում հետաքրքրվել՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե չի ափսոսում ու չի զղջում ո՛չ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում

Համաժողովրդական շարժմանն իր մասնակցության եւ ո՛չ էլ կրած զրկանքների համար: Բայց ափսոսում է մի բանի համար՝ «Դուրս եկավ, որ ինչի համար պայքարում էինք՝ իրականում դրա համար չէինք պայքարում: Այսինքն, նպատակը ընտրությունների միջոցով երկրում սահմանադրական կարգը վերականգնելն էր, բայց դա չստացվեց: Թող իրենք (Հայ ազգային կոնգրեսում) մեղավորներին իրենց մեջ փնտրեն: Ես այդ ընթացքում ՀՀՇ-ում եմ եղել եւ այդ գործընթացներին մասնակցել եմ ՀՀՇ-ի կողմից, պատվով ու նամուսով կատարել եմ բոլոր այն հանձնարարությունները, որոնք ինձ են տրված եղել: Դրա համար չեմ ափսոսում, բայց ափսոսում եմ դրանից հետո տիրող իրավիճակի համար»:

Կարծում եք՝ 2008-ին ՀԱԿ-ը կամ այն ժամանակ դեռ Համազգային շարժումը, կարո՞ղ էր իշխանափոխության հասնել: «Իհարկե»,- համոզմունք հայտնեց Սիրունյանն ու արձագանքելով մեր՝ այդ դեպքում որտե՞ղ է եղել նրա բացթողումը հարցադրմանն ասաց. «Ավելի լավ է ես այդ հարցին չպատասխանեմ: Իրենք բոլորն էլ լավ գիտեն, թե որտեղ են իրենց սխալները եղել»:Ասել կուզեք՝ հնարավորությունը եղել ու բա՞ց է թողնվել: «Իհարկե: Իշխանություն ձեւավորելու պահը հստակ եղել է: Եթե էսօր պիտի գնային իշխանությունների հետ երկխոսության, հնարավոր էր նաեւ ա՛յն ժամանակ դա անել՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,– ասաց նախկին ՀՀՇ-ականը:

Նա չհամաձայնեց մեր դիտարկմանը, թե իշխանությունների հետ այն ժամանակ բանակցելուն խոչընդոտներ կային՝ քաղբանտարկյալների առկայությունը: «Քաղբանտարկյալներ լինելուց առաջ քաղբանտարկյալներ դեռ չկային: Մինչեւ մարտի 1-ը կարո՞ղ էին նույն այդ իշխանությունների հետ բանակցություններ սկսել: Եթե սկզբունքորեն դեմ չեն իշխանության հետ բանակցելուն, երկխոսելուն՝ թող դա անեին մինչեւ մարտի 1-ը, համ էլ ամսի 1-ը չէր լինի, այսօր էլ մենք չէինք ման գա թե ով՝ ում սպանեց, ով՝ ում միջնորդությամբ դուրս եկավ, ով իշխանության որ ներկայացուցչի հետ «դավադիր» գործարք կնքեց… Էն ժամանակ գնային, միգուցե, ավելի լա՞վ լիներ»,– հռետորական հարցադրում արեց Սուրեն Սիրունյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031