Մինչեւ արդիականացված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էլ էր հնարավոր հայտնաբերել մահացած կենսաթոշակառուներին եւ կասեցնել նրանց վճարվող թոշակների գումարի մատակարարումը: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: Նա նույնպես փաստեց, որ տարիներ շարունակ պետբյուջեից մահացած մարդկանց անուններով միլիարդավոր գումարներ են դուրս գրվել եւ որպես կենսաթոշակ վճարվել մի շարք քաղաքացիների. «Դա իրականում որոշ մարդկանց թերացում էր: Արդեն 2006 թվականից սկսած՝ մենք ամեն ամիս կամ եռամսյակը մեկ կենսաթոշակային բազայի տվյալները նայում էինք եւ տեղեկանում, որ ասենք 100 կենսաթոշակառու մահացել է եւ այդ տվյալներն ուղարկում էինք սոցիալական ապահովության պետական ծառայությանը, այսինքն՝ ոչ ավտոմատ, այլ մեխանիկական եղանակով փորձում էինք հարցը լուծել: Սոցիալական ծառայությունը պարտավոր էր այս քաղաքացիների կենսաթոշակը կասեցնել, եթե դեռ վճարում էր: Պետական պաշտոնյաներն այդ գործառույթը չեն իրականացրել: Հակառակը, երեւի օգտվել են»: Լրագրողների միահամուռ դիտարկմանը՝ թե իսկապես պետական պաշտոնյաներն օգտվել են այդ գումարներից, նա պատասխանեց. «Դա մեկնաբանել չեմ կարող: Կարող եմ ասել միայն, որ մինչեւ այսօր, մինչեւ արդիականացված համակարգի ներդրումը, հնարավոր էր մահացած կենսաթոշակառուներին հայտնաբերել»:
Նա խոսեց նաեւ իրենց կողմից մշակված եւ ներդրված արդիական տեղեկատվական համակարգերի մասին, որով 12 տեղեկատվական համակարգ միմյանց հետ փոխկապակցված են լինում, ինչը քաղաքացուն հնարավորություն է տալիս, ոչ թե դռնեդուռ ընկնել, այլ՝ մեկ աղբյուրին դիմելով տեղեկատվություն ստանալ. «Կարող են դիմել սոցիալական ծառայություն, որն էլ համակարգի միջոցով հարցում կատարելով՝ կարող է բավարարել քաղաքացու դիմումը: Սա առավելագույնս պարզեցնում է գործընթացը: Նաեւ նվազեցվում կոռուպցիոն ռիսկերը, կրճատվում են ծառայությունների մատուցման ժամկետները` մոտ մեկ ամսից հասնելով մինչեւ 1-2 օրվա»:
Նա կարեւորեց հատկապես պետական նպաստների եւ կենսաթոշակառուների նոր տեղեկատվական համակարգի ներդրումը, որի բազան կներառի մարդկանց անհատական տվյալները, որոնք, ճիշտ է, խիստ գաղտնի չեն, բայց միաժամանակ չեն էլ կարող հասանելի լինել բոլորին. «Պետք է ստեղծվի անհատական տվյալների պաշտպանությունն ապահովող մարմին, որը խախտումների դեպքում նաեւ պատժելու մեխանիզմ պետք է ունենա»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ
Կարդացեք նաև