2010 թվականի դեկտեմբերի 19-ին հայկական վիրտուալ գիտական աշխարհում իր նորամուտը նշեց «Հայկական գիտական համագործակցություն» Armenian Scientific Cooperation/ ARMSCOOP կայքը, որի հիմնադիրները երեք երիտասարդներ են՝ Արմեն Մարտիրոսյան, Խաչիկ Հարությունյան եւ Սամսոն Հովհաննիսյան:
Այսօր «Արմատ» ակումբում կայացավ հանդիպում-քննարկում հիմնադիրների հետ:
ԵՊՀ դասախոս,Մատենադարանի գիտաշխատող Խաչիկ Հարությունյանի խոսքով. «Կայքի նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջեւ: Կայքում պարբերաբար հրապարակվում են գիտական արժեք ունեցող հոդվածներ, Հայաստանին վերաբերող ամենատարբեր գիտակրթական ծրագրեր եւ այլն: Մեր խնդիրը գիտության մասսայականացումն է, լուրջ գիտական նյութերի եւ հոդվածների հրապարակումը»:
Այս տարվա ընթացքում կայքում հրապարակվել են 1100-ից ավելի նյութեր, մի շարք գիտական հոդվածներ բավական լայն տարածում են գտել համացանցում: Կայքի գործուն աջակցությամբ ամռան ամիսներին կազմակերպվել են հայագիտական դասընթաց-արշավներ, որոնց մասնակցել են հանրապետության տարբեր բուհերի լավագույն ուսանողներ:
Կարդացեք նաև
Իրավաբան Արմեն Մարտիրոսյանը հավելեց. «Այսօր armscop.com կայքը համացանցում գործող գիտական բնույթի այլ կայքերի մեջ գրավում է առաջատար դիրք, սակայն մենք չենք բավարարվում ձեռք բերվածով, եւ արդեն իսկ ունենք նոր գիտակրթական ծրագրեր: Օրինակ, մյուս տարվա ընթացքում կկազմակերպենք սեմինար-դասընթացների շարք, գիտաժողովներ, գիտարշավներ: Ապագա ծրագրերից կուզենայի առանձնացնել կրթական խորհրդատվական կենտրոնի ստեղծումը, որի միջոցով խորհրդատվություն կտրամադրվի նրանց, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել արտասահմանում կամ մասնակցել միջազգային գիտաժողովների. հարկ եղած դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն: Ամենամեծ ծրագիրը, թերեւս, գիտական հաղորդաշարերի ստեղծումն է, որը մեծապես կխթարի հայկական գիտական մտքի զարգացմանը եւ կվերաարժեւորի մեր ունեցած հարուստ գիտական ավանդույթները: Լինելով ավելի ճանաչելի համացանցում՝ դրանով իսկ նպաստենք հայկական գիտական մտքի համացանցային զարգացմանը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ