Վերջին չստացված մենամարտից հետո Վախթանգ Դարչինյանը մեկ շաբաթ Երեւանում էր: Այսօր նա մեկնեց Ավստրալիա՝ այս անգամ լրագրողներին հարցազրույցներ չտալով, երկրպագուներին չհանդիպելով: «Aravot.am»-ը սիրված մարզիկի մեկնելուց հետո զրուցեց նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի հետ: «Այս անգամ մենք էլ չհանդիպեցինք, – ասաց պարոն Բադալյանը:- Բայց հեռախոսով խոսել ենք: Ընդունում էր, որ նախապատրաստությունը սխալ է եղել: Մտածել է, թե արագ կհաղթի` հույսը դնելով իր ուժեղ հարվածի վրա: Սակայն Վախթանգի համար ռինգում «խաղացող» մրցակիցները միշտ էլ պրոբլեմատիկ են եղել: Դրա համար էլ մարտից մոտ հինգ օր առաջ ես զանգահարել էի նրան, ասել, որ Մորենոյի թիմը հաստատ մանրամասն ուսումնասիրել է իր մարտերը ու խորհուրդ տվեցի փոխել նախասիրած տակտիկան: Այսինքն, կրկնակի գրոհներով աշխատել` մոտենալ, աջով կեղծ հարվածներ ցուցադրելով, ստիպել բացվել ու միայն այդ ժամանակ գործի դնել իսկականը` տապալող ձախ ձեռքը: Բայց, ինչպես տեսանք, նա չհետեւեց իմ այդ խորհրդին: Մրցակիցն էլ վարպետորեն փակել էր Վիկի նախասիրած հարվածը ու ոտքերի վրա լավ խաղալով, միավորներ վաստակելով հասավ հաջողության»:
Վազգեն Բադալյանի հետ ամբողջական զրույցը` «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ