Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական հավելվածի փորձագետներն անցյալ շաբաթ նոր զեկույց էին հրապարակել՝ ներկայացնելով աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ իրենց գնահատականները: Հայաստանն այդ զեկույցում կրկին դասվել էր հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։ Այս երկրներում, ըստ «Էկոնոմիստ»-ի պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաեւ լրագրողների նկատմամբ հալածանքները, դատական համակարգն անկախ չէ:
Զեկույցի գնահատականների վերաբերյալ Aravot.am-ը ներկայացնում է հայ փորձագետների մեկնաբանությունները:
Մանվել Սարգսյան. Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն
Միջազգային ցանկացած գնահատական մտածելու տեղ է տալիս: Ամեն տեղ, Հայաստանում էլ զեկույցներում, այս կամ այն թեզերում ընդունված է քաղաքականություն տեսնել: Գուցե ցանկացած ատյան իր մոտեցումն ունի, գուցե ներկայացնելու իր շահն ունի, բայց կարծում եմ, որ առանց այդ զեկույցի էլ պարզ է, թե որեւէ առաջընթաց այստեղ գոյություն չունի: Էական փոփոխություն դեպի ժողովրդավարացում Հայաստանում տեսնել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին, դրանք ազատ չեն, ազատ հեռուստատեսություն չկա: Ինչ վերաբերում է ընտրություններին, չնայած այսքան խոսվում է լավ ընտրություններ անցկացնելու մասին՝ որեւէ մեկը հավատ չունի, որ երկրում կարելի է անցկացնել նորմալ ընտրություններ: Նույնը վերաբերում է արդարադատության համակարգին: Բոլորն էլ գտնում են, որ ազատ չի եւ գոյություն չունի արդարադատ համակարգ:
Կարդացեք նաև
Քաղաքացիական հասարակության առումով ակտիվության նոր ձեւեր կան, եւ այն հանգամանքը, որ իրավական գիտակցությունն ավելի է ամրապնդվում հասարակության մեջ, միանշանակ է: Նոր ստեղծվող քաղաքացիական խմբերը, իհարկե, նոր որակի են, բայց այն թափը չունեն, որ կարելի է ասել՝ բավարար են: Բայց եթե նշել են, որ թույլ է, ես էլ եմ գտնում, որ շատ թույլ է, որովհետեւ մենք չենք տեսնում համընդհանուր գործընթաց, որ կոնկրետ քաղաքական ուժերի շրջանակում էական առաջընթաց է կատարվել: Կուսակցությունների որակը մնացել է նույնը:
Սամվել Մարտիրոսյան. Մեդիա փորձագետ
Եթե վերցնենք զեկույցներն ընդհանրապես, դրանք իրենց մեջ արհեստական բան են կրում: Երբ որ ինչ-որ թվային սանդղակով համեմատում են ինչ-որ երկրներ, որոնք իրար հետ բացարձակ կապ չունեն, բնականաբար առաջանում է խնդիր: Ըստ իս, Գանան, Միացյալ Նահանգներն ու Հայաստանն իրար հետ ընդհանուր ոչ մի բան չունեն, ոչ միայն ժողովրդավարության առումով են անհամեմատելի:
Չափանիշներից մեկն ընտրությունների խախտումներն են: Պարզ է, որ Հայաստանում փոփոխություններ կլինեն մյուս տարի, այսինքն այդ չափանիշը 2010-ին պասիվ է եղել: Հայաստանի սանդղակում կարելի է նայել 2012-ի սանդղակում, որովհետեւ 2011-ը գլոբալ փոփոխություններ չի բերել. բոլորս խորը շունչ ենք քաշում՝ սպասելով, որ շուտով սկսվելու է նախընտրական շրջանը: Մայիս-հունիսին կկարողանանք կռահել՝ վարկանիշով կբարձրանա՞նք, թե՞ կիջնենք՝ ելնելով նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները:
Կոնկրետ Հայաստանում քաղաքացիական հասարակությունում ունենք որակական փոփոխություն: Ակհնայտ է, որ այն ոչ միայն պասիվ չէ, այլեւ ակտիվ է: Բանակն էլ է ավելի թափանցիկ դարձել շնորհիվ հենց քաղաքացիական հասարակության: Եթե երկու-երեք տարի առաջ քաղաքացիական հասարակությունն իրենից ներկայացնում էր հիմնականում հասարակական կազմակերպությունների սեկտորը, ապա հիմա հենց ինտերնետի շնորհիվ ձեւավորվել է շատ լուրջ զանգված՝ զուտ քաղաքացիական ակտիվիստների, որն ինքնաբուխ, ինքնակազմակերպված սեկտոր է եւ շատ է ակտիվացել: