Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մատույցներում «Բարեկամության ձեռքեր» արձանը երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի սիրած կոթողներից է: Այս եւ այլ հուշարձանների մոտ գովազդային եւ տեղեկատվական վահանակներ են, որոնցում մի տողով նշվում է հուշարձանի մասին: «Բարեկամության ձեռքերի» մասին գրված է, որ կառուցվել է 1967 թվականին, խորհրդանշում է հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամությունը:
Մինչդեռ այս հուշարձանը ուշագրավ պատմություն ունի , եւ արժեր այն ներկայացնել:
1965 թվականին Իտալիայի Կարարա քաղաքում կազմակերպվում է քանդակագործական բիենալե, որին մասնակցում է նաեւ երեւանցի Արա Հարությունյանը: Վերջինս Կարարայի մարմարի հանքում տեսնում է քանդակի մասեր: Հայ քանդակագործին տեղեկացնում են, թե դրանք Քրիստոսի արձանի դրվագներն են, որ հեղինակը արձանի կերտումը դադարեցրել է` հովանավորներ չլինելու պատճառով: Տեսնելով, որ Արա Հարությունյանը հետաքրքրվում է արձանով, քարհանքի տերը նրան թույլ է տալիս վերցնել կտորները:
Կարդացեք նաև
1966-ին Կարարա է մեկնում Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Կարարայի քաղաքապետարանը Հիսուսի արձանի ձեռքերը Երեւան է ուղարկում` որպես երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ: 1973 թվականից Կարարան եւ Երեւանը քույր քաղաքներ են: Այն մեր մայրաքաղաքի հետ բարեկամացած առաջին քաղաքն է:
Մեր պաշտոնատարներն ամեն առիթով հայտարարում են, որ Հայաստանը պետք է դարձնել զբոսաշրջային կենտրոն: Մինչդեռ նման հետաքրքիր պատմություններն ու կոթողներն են գրավում տուրիստներին: Երեւանցիներից էլ քչերը գիտեն այս արձանի պատմությունը: Օտարները իրենց համար առասպելներ են ստեղծում, մենք մեր ունեցածը չենք ներկայացնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ