Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դաշնակցականը չի բարեւում` ուրեմն նեղացել է

Դեկտեմբեր 20,2011 15:16

Վերջին շրջանում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ շատ զգույշ են արտահայտվում ՀՅԴ-ի մասին, որովհետեւ ցանկացած «լեզվի սայթաքում», մի բառ, մի արտահայտություն` ՀՅԴ-ի բոլոր պատգամավորներն անձնական վիրավորանքի պես են ընդունում ու նեղանում: Պատգամավորները պատմում էին, որ դաշնակցականներն իրենց գործընկերներին վիրավորանքը ցույց տալու համար երբեմն նույնիսկ չեն բարեւում կամ չտեսնելու են տալիս:

Օրինակ, «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի` ԱԺ նախագահի ընտրություններից ընթացքում Նժդեհի անունը տալը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, բանը հասավ նրան, որ ՀՅԴ պատգամավորները մեկ առ մեկ հիշեցին, թե իրենք որ ընտրություններին են թեկնածություն դրել ու «Ժառանգությունն» էլ իրենց թեկնածուի օգտին չի քվեարկել:

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին «շատ զգուշությամբ» հարցրեց` ճի՞շտ են տարբեր կուսակցականների գնահատականները, որ ՀՅԴ-ն շատ նեղացկոտ կուսակցություն է եւ ամբիցիաներով է վերաբերվում իր հասցեին ասված ամեն մի խոսքին: Պարոն Մինասյանի դիտարկմամբ. «Երբ խոսքը հնչում է ճշմարտությունից կտրված, մենք դա չենք կարող հանդուրժել, ամենահեշտ բանը մարդկանց վրա ցեխ շպրտելն է, չեղած բանը վերագրելը: Բայց երբ խոսքը գնում է օբյեկտիվ քննադատության, օբյեկտիվ հիմքերի մասին, բնականաբար, որպես առողջ քաղաքական ուժ՝ մենք փորձում ենք հաշվի առնել դա: Բայց երբ դաշնակցության հասցեին լինում է կեղծիք, սուտ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, դա վիրավորական է, եւ կարծում եմ` ցանկացած բարոյական անձ, ուժ, վիրավորված կզգա, երբ իր հասցեին կեղծիք հնչեցվի»:

Մեր հարցին` Լարիսա Ալավերդյանի հետ կապված դեպքը, նրա խոսքերը այն աստիճա՞ն էին վիրավորել դաշնակցականներին, որ հնարավոր է դա «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հարաբերությունների վրա անդրադառնա` նա պատասխանեց. «Դա այնքան փոքր դեպք է, որ չի կարող անդրադարձ ունենալ երկու քաղաքական ուժերի փոխհարաբերությունների վրա: Ես չեմ ուզում այլեւս Լարիսա Ալավերդյանի դեպքը քննարկման առարկա դարձնել, առավել եւս, որ դա անձնական հարթության խնդիր է եւ չի կարելի քաղաքական հարթություն տեղափոխել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031