Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես տեսա ձեզ, մյուսներին եւ ինձ

Դեկտեմբեր 20,2011 15:47

Իմ սիրելի ընթերցող, բավական  երկար  ժամանակ մտածում էի, արժե՞ լինել այսքան անկեղծ  եւ լրագրողական չափած-ձեւածությունս մի կողմ թողնելով խոսել Ձեզ հետ պարզ ու շիտակ, առանց այլեւայլությունների, առանց սրան-նրան հղում անելու եւ առանց ներքին, նկատի ունեմ՝ անձնական  գրաքննության:  Իմ  բլոգային վերջին երկու նյութերը՝ <Ինչպես տեսա Լեւոն Տեր-Պետրոսյանին> եւ <Ինչպես տեսա Ռոբերտ Քոչարյանին>,  դարձան այն  առիթը, որն  ինձ ուղղակի  պարտավորեցրեց լինել առավել անկեղծ: Թեպետ  ներքին ձայնս ինձ դեռ  զսպում է. <Արժե՞ որ>:

Բայց քանի որ արդեն որոշում եմ կայացրել եւ հարգում եմ   իմ ընթերցողին, ուրեմն, պետք է զրուցենք: Ահա,  այդ երկու նյութերը մի տեսակ լակմուսի թղթի դեր ունեցան: Իրականում ես  գրել եմ իմ անձնական, սուբյեկտիվ  կարծիքը, իմ այն ամենառաջին ընկալումները, որ ունեցել եմ այդ  երկու գործիչներին առաջին անգամ տեսնելիս: Մեզանում անգամ  անձնական նպատակներով սուրճ խմելն է դարձել քաղաքական շահարկումների առարկա, էլ ուր մնաց երկրի առաջին եւ երկրորդ նախագահների մասին  հանրապետության ամենահայտնի  եւ հեղինակավոր  թերթերից մեկի  քաղաքական  լրագրողի գրած թեկուզ եւ անձնական կարծիքը:

Եվ սկսվեց՝ Լեւոնին սիրողները ինձ գրեթե ազգի թշնամի  համարեցին, չսիրողները քննադատեցին, թե  դեռ քիչ եմ գրել: Ռոբերտին սիրողները սկսեցին ինձ  անխնա քարկոծել, չսիրողները  մեղադրեցին, թե դեռ քիչ եմ գրել: Հայտնվեցին մարդիկ, որոնց ես շատ ավելի սիրեցի, մարդիկ, որոնց հանդեպ իմ անձնական  կարծիքը մնաց  անփոփոխ եւ մարդիկ, որոնց   բնույթը այդպես էլ մնաց  անհասկանալի:

Երբեք չեմ մտածել, թե այս կամ այն  գործչին, պետական պաշտոնյային,  հարկ կա այնքան սիրել, որ մոռնաս քո արժանատվության մասին: Միշտ  չեմ հասկացել մարդկանց, որոնք  իրենց համար կուռքեր են ստեղծել եւ նվիրվել են դրանց: Հետո, երբ  հորինված կուռքերը նույն այդ մարդկանց  պարզապես ոչնչացրել են,  այդ նույն մարդիկ շարունակել են երկրպագել, ավելի սթափները հոգեխանգարում  են ստացել:

Այս օրերին ինձ շատերն են հարցնում՝ իսկ ինչու ես դրանք  գրել, ո՞ւմ պատվերով: Միշտ եմ  մտածել, որ ամեն  մեկը դիմացինի մասին դատում է  իր  անձնական  պրիզմայի միջով անցկացնելով:Այո, ես Լեւոնին եւ Ռոբերտին ներկայացրել եմ իմ անձնական  պրիզմայով անցկացնելով: Եվ ինձ այդ հարցը տվողները  դիմացինին  իրենց արշինով են չափում: Կեսկատակ-կեսլուրջ ասեմ՝ եթե դրանք ես գրեի պատվերով, ավելի սուր կգրեի եւ ավելի սարկազմով, տեղը՝ տեղին, բայց,  քանի որ այդ երկու նյութերն էլ իմ  ներքին <պատվերի> արդյունք են,  կուտակված տպավորություն, այդպես <դոբրի> են ստացվել: Ուրեմն՝ պատվերի թեման փակենք: Հաջորդը՝ մեր քաղաքական դաշտը չափազանց անձնավորված է, այդպես էր քսան տարի առաջ, այդպես  է եւ այսօր: Եվ այս պատճառով  բոլոր մեկնաբանությունները, որ այս օրերին ուղարկվեցին մեր խմբագրություն՝  անձնավորված էին:Լեւոնականների եւ ռոբերտականների  մեկնաբանություններն արվեցին այնպիսի ջերմեռանդությամբ, կարծես եւ առաջինին եւ երկրորդին՝ կախաղանի էինք նախապատրաստում: Եվ, որ ամենից ավելի ինձ տխրեցրեց այն է, որ եւ առաջինի՝  բանասիրական  կրթության ունեցող, գիտնական նախագահի եւ  երկրորդի՝ տեխնոկրատ, <վոյին.  նախագահի  երկրպագուները  իրենց ինքնադրսեւորումներում ոճային եւ բառապաշարային տարբերություններ գրեթե չունեն: Եթե հայհոյում  են, նույն խոսքերով, եթե   հմայված են՝  դեմքի նույն  արտահայտությամբ:

Շնորհակալ եմ ակտիվ քննարկումների եւ կարծիքների համար, ուրախ եմ, որ իմ երկու  անմեղ  նյութերը դարձան  բուռն քննարկումների առիթ:

Վերջում, եթե  թույլ տաք մի  հորդոր՝ մի սիրեք նախագահներին Ձեր մեջ, սիրեք Ձեզ՝ նախագահների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031