Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի գործով դատավորն օժանդակում է մեղադրողին

Դեկտեմբեր 20,2011 14:55

Այսօր կես ժամ ուշացումով սկսվեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը: Պատճառը պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու գործով դատարան չբերված ամբաստանյալներն էին՝ Հակոբ Մանուկյանը, Մխիթար Մխիթարյանը, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը: Չկար նաեւ հրամանատարության հսկողությանը հանձնված Հարութիկ Կիրակոսյանը:

Ժ.12.30-ի նիստը սկսվեց կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի ինքնաբացարկի միջնորդությամբ: Ըստ պաշտպանի, դատավոր Սամվել Մարդանյանը օժանդակում է մեղադրողին, խոչընդոտում պաշտպանական կողմին: Ըստ պաշտպանի՝ «Դատավորը դատական քննության ընթացքում չի ապահովում արդար դատաքննության եւ հավասար մրցակցության սկզբունքը, դատավորն անհիմն կարգով հանում է վկաներին առաջադրվող հարցերը, խոչընդոտում է հարցերով պարզաբանել հարցաքննված վկաների ցուցմունքները, եղած հակասությունները, չի նպաստում օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, չի ղեկավարվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, այլ ղեկավարվում է դեռեւս ԽՍՀՄ քրեական դատավարության պրակտիկայով, հիմնականում օժանդակելով մեղադրողին»:

Պաշտպանը դատավորի անաչառության հետ կապված բերեց մի քանի օրինակ: Մասնավորապես նշվեց նոյեմբերի 21-ի դատական նիստը. «Միջնորդություն ներկայացրեցի քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մեղադրողին վերադարձնելու պահանջի մասին, նկատի ունենալով, որ այն չի համապատասխանում գործի տվյալներին, արարքի իրավաբանական գնահատականը չի համապատասխանում արարքի նկարագրությանը»: Այս միջնորդությունը մերժվել էր, ինչի մասին տեղեկացրել էր Aravot.am-ը: Դատավորի անաչառությունը կասկածի տակ էր դրվել նաեւ,  երբ մերժվեց տուժողի իրավահաջորդների եւ ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը: Միջնորդվել էր, որ վկա Արման Մնացականյանը հարցաքննվի զորացրվելուց հետո, քանի որ նա պահվելով ռազմական ոստիկանությունում՝ գտնվում է ակնհայտ ճնշման եւ ազդեցության տակ:

Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի  պաշտպան Լեւոն Պողոսյանն ասաց, որ դատարանը ոչ թե խոչընդոտում է, այլ անտեսում բոլոր միջնորդությունները: Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանն էլ բերեց մի օրինակ, երբ դատավորը վկային, որը սկսել է ճշմարտությունը ասել՝ հուշել է, ասելով. «Ասա, չեմ հիշում»:

Մեղադրող Հարություն Հարությունյանն անհիմն համարեց պատճառաբանությունները, եւ որպես օրինակ բերեց ապացույցների հետազոտման կարգ սահմանելը: Նա ասաց, որ միջնորդել էր, որպեսզի ապացույցները հետազոտվեն, ապա հարցաքննվեն վկաները, իսկ դատարանը որոշել էր լսել վկաներին, ապա՝ հետազոտել ապացույցները:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Վաղը ժամը 12-ին նա դուրս կգա այդ սենյակից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031