Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» կբարձրացնի աշխատողների աշխատավարձերը

Դեկտեմբեր 20,2011 14:39

Կապանում երբեմն-երբեմն խոսում են, որ քաղաքի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի քաղաքում սոցիալական ծրագրեր իրականացնելը կամ այս կամ այն ձեռնարկներին մասնակցությունը բացասական ազդեցություն է ունենում կոմբինատի աշխատողների աշխատավարձերի վրա: Վերջերս ընկերությունը մասնակցել է քաղաքապետարանի «Տաք ձմեռ» ծրագրին՝ աջակցել զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու սրանից հետո ընկերության որոշ աշխատողներից դժգոհություններ լսեցինք, որ այս ամիս նրանց տրվող ամենամսյա պարգեւավճարը նվազել է, Նոր տարվա շեմին սպասվածից քիչ գումար են ստանալու:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանը մեր զրույցում նշեց, որ բացառվում է սոցիալական ծրագրերին իրենց մասնակցությունը որեւէ ձեւով անդրադառնա ընկերության աշխատողների աշխատավարձերի վրա:

Նա հերքեց լուրերը, թե այս ամիս աշխատակիցների պարգեւավճարներում կամ աշխատավարձերում նվազում եղած լինեն: «Ես 100 տոկոսով կարող եմ վստահեցնել, որ այդպիսի բան չի եղել եւ բացարձակապես չի կարող լինել: Դա իրական չէ,  որովհետեւ մեր աշխատողների աշխատավարձերը երբեք որեւէ մեկը չի կարող ցածրացնել, քանի որ դա պետք լիներ իմ ու  տնօրեն Իլյա Գարկովի որոշումով, նման որոշում մենք բացարձակապես թույլ չենք տա: Ընդհակառակը, մինչեւ դեկտեմբերի 25-ը մեր հիմնարկի աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրանան, որոշումը արդեն կայացված է: Մեր 1200 աշխատողներից 700-800-ը աշխատավարձերի հավելումներ կստանան: Իսկ ովքեր հավելումներ չեն ստանա, ուրեմն նրանք արդեն բարձր են վարձատրվում: Նոր տարին նշելու համար կլինեն մեծ բոնուսներ՝ եւ աշխատանքային բոնուս, եւ դրանից դուրս մենք պիտի ունենանք նաեւ Նոր տարվա բոնուս` մեր բոլոր 1200 աշխատողներին», – մեր զրույցում պարզաբանեց Հրաչ Ջաբրայանը:

Զրուցակցիս խոսքով, ընկերությունը ոչ միայն մասնակցում է սոցիալական տարբեր ծրագրերի, այլ ինքը ներկայանում է նման նախաձեռնություններով: Բացի «Տաք ձմեռ» ծրագրից, համերգ են կազմակերպել եւ Նոր տարվա Ձմեռ պապի նվեր-տոպրակներ տվել հատուկ կարիքավոր 350 կապանցի երեխայի, ինչպես նաեւ ընկերության աշխատակիցների 730 երեխաներին ու թոռնիկներին:

Մերի   ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031