«Times» հանդեսը տեղեկացնում է, որ արաբական այս փոքրիկ էմիրությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ստանալուց հետո նպատակ է դրել պայքարել նաեւ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար:
Դոհայում վերջին տարիներին պատկառելի բազում մարզական միջոցառումներ են անցկացվել. այստեղ են կայացել Ասիական խաղերը, թենիսի մի շարք խոշորագույն մրցաշարեր, որոնց մասնակցել են աշխարհի ուժեղագույն վարպետները, այս տարվա հունվարին Քաթարը ընդունել է ֆուտբոլի Ասիայի գավաթը, իսկ մայիսին անցկացրել աթլետիկայի «Ադամանդե լիգա» խոշորագույն մրցումը:
2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվելու հարցում Դոհայի մրցակիցներն են Ստամբուլը, Բաքուն, Տոկիոն, Մադրիդը եւ Հռոմը: «Մենք մտածում ենք ապագայի մասին, – ասում է Քաթարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար շեյխ Սաուդ բեն Աբդուլռահման ալ-Տանին, – եւ մեծ պլաններ ենք կազմում: Բացառված չէ, որ մենք չբավարարվենք միայն օլիմպիական խաղերով եւ կփորձենք նաեւ ուրիշ մարզական խոշորագույն մրցաշարեր կազմակերպելու համար պայքարել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ