Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը բանավիճում էին 2011-ի բացթողումների, ձեռքբերումների մասին: Պարոն Մինասյանին բարկացրեց Անժելա Թովմասյանի այն դիտարկումը, թե 2011-ի գլխավոր հերոսները ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն էին, որովհետեւ նրանց երկխոսության շուրջ ծավալվեցին հիմնական քննարկումները: Ըստ նրա` «Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ այդ երկխոսությունը կապ չունի հասարակության հետ: Նրանք հյուրանոցում գյալաջի էին անում: Նրանց` «Էրեբունի» հյուրանոցում հավաքվելն ու գյալաջի անելը որեւէ արդյունք չունեցավ, եւ այդպես էլ պիտի լիներ: Անտեսելով խորհրդարանական ամբիոնը` հելել եք, ուզում եք բանակցություններ կնքեք, ոնց որ պատերազմից հետո պիտի զինադադարի պայմանագիր ձեռք բերեիք` բԵրԵցի՞ք»: Պարոն Մինասյանի այս «խանդոտ» արձագանքի հետ չհամաձայնեց Հովհաննես Սահակյանը` ասելով, որ «դուք էլ կարող էիք գյալաջի անել»:
Խոսելով առաջիկա ընտրություններից ակնկալվող «թափանցիկությունից», պարոն Մինասյանն առաջարկեց Հանրապետական կուսակցությանը, որ եթե իսկապես ուզում են նորմալ ընտրություններ անցկացնել՝ թող տեսախցիկներ տեղադրեն բոլոր ընտրատեղամասերում ու տեսաձայնագրեն ողջ քվեարկության ընթացքը. «Դուք ունեք այդ ռեսուրսը: Թե չէ զուտ հայտարարել, որ լավ ընտրություններ կանցկացնենք` թույլ տվեք չհավատալ դրան: Խոսելը քիչ է, գործել է պետք»: Հովհաննես Սահակյանն իր ընդդիմադիր գործընկերոջը հարցրեց. «Բա ո՞նց անենք, ասեք», Արծվիկ Մինասյանն էլ խորհուրդ տվեց, որ այս օրերին դպրոցներում քարոզչություն անելու, հիվանդանոցներում իբր բարեգործական, բայց իրականում քարոզչական ակցիաներ անելու փոխարեն՝ զբաղվեն այդ տեսախցիկներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ